Հասարակություն 

Վազգեն Մանուկյանը լուսանկար է հրապարակել Մոնթեի հետ ու գրառում արել

analitik.am

 

Քսանութ տարի առաջ հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը:

«Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է... Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր: Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:

Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը: Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր, չնայած խիզախ զինվորներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր, չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ, հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում: Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր: Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք»:

Հատված Մոնթե Մելքոնյան հիմնադրամի

բացման արարողության ժամանակ Վազգեն Մանուկյանի ելույթից

Երևան, 1994թ., հուլիսի 28,

Լուսանկարում՝ Մոնթե Մելքոնյան, Վազգեն Մանուկյան, Նորայր Դանիելյան, Քարվաճառի (Քելբաջարի) գործողությունից առաջ, 1993թ.

Վազգեն Մանուկյան

Նույն շարքից