Քաղաքականություն 

Մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով: Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է երեկ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց 15 հայ գերեվարվածների վերադարձին, նա նշեց, որ կառուցողական քայլին կառուցողական քայլով ենք պատասխանել:

«Մեկ ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, ասեմ՝ այդ ականադաշտերը մեզ և իրանց չեն բաժանում իրարից, դա ադրբեջանցիների թիկունքում է: Դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, որ մենք գերիներ ունենալու պարագայում միակողմանի վերադարձնենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձրին:

«Մենք պետք է գնահատենք դրական տեղաշարժերը: Պետք է գնահատենք իրադրությունը լիցքաթափող գործողությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Այնուհետ նա խոսեց բանակից՝ նշելով, որ այսօր մեր բանակում կան ազնվագույն գեներալներ, գնդապետներ, որոնք տուն չունեն:

«Էս ուրիշ գեներալների մասին է: Ցավոք սրտի, մենք անընդհատ խոսում ենք տարբեր պիտակավորումներով գեներալների մասին, բայց մոռանում ենք մեր ազնվագույն բազմաթիվ գեներալների, գնդապետների, սպաների մասին: Էսօր գիտե՞ք, որ մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում: Մեր բանակում էդպիսի գեներալներ կան: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ էն մեկի դղյակը, էն մեկինը… Ես երբ որ մարդկանց նշանակում եմ, հանդիպում եմ և ապշած եմ, որ մեր բանակում էսօր կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, վարձով են ապրում: Իր բնակարանի խնդիրը մեր խնդիրն է: Եվ մենք պիտի ապահովենք, որ ինքը չմտածի՝ վայ, էրեխուս ուսման վարձն ինչ եղավ, բա էս տանտերը գինը բարձրացնում է, տնից հանում է և այլն»,- շարունակեց Փաշինյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից