Հասարակություն 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք

analitik.am

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Ժապավենը կտրելու հանձնառությունն ընձեռված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրեց սպորտային բժշկական ծառայության համար նախատեսված բաժանմունքի ֆուկնցիոնալ նշանակությունը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կարևորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի և ողջ աշխատակազմի անձնվեր աշխատանքը՝ շեշտելով վերջին 1,5 տարվա ընթացքում բուժաշխատակազմի պայքարը համավարակի դեմ:

«Այն, ինչ տեսնում ենք այստեղ, պետության վերաբերմունքն է սպորտի զարգացման գործին: Ամեն ինչ պետք է անենք, որ առողջ ապրելակերպի քարոզը, մշակույթը մեր հասարակության մեջ ավելի մեծ տեղ ունենա»,-ասաց Ավանեսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի պնդմամբ մարզիկներն այժմ էլ ավելի ոգևորված կլինեն: Նա նշեց, որ կենտրոնի բացումից հետո ակնկալում են նորանոր հաղթանակներ սպորտի բնագավառում:

Ամբողջովին վերանորոգված և կահավորված բաժանմունքում սպորտային բժշկության ծառայություններ են մատուցվելու Երևանի և մոտակա մարզերի մարզադպրոցների, ֆեդերացիաների, մարզական ակումբների, ՀՀ հավաքական թիմերի և այլ մարզիկների: Նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև` շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ: Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում:

Սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքում պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորություն կունենան պատանեկան, երիտասարդական և հավաքական թիմերի մարզիկները:

ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյան

Նույն շարքից