Հասարակություն 

Փրկարար ծառայությունը ծրագրում է ԱԹՍ-ներ տրամադրել մարզային փրկարարական վարչություններին

analitik.am

 

Գյումրիում և Ախուրյանում կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատների շինարարությունը շուրջ մեկ ամսից կավարտվի: Ընդամենն օրեր անց կմեկնարկի նաև Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցումը: Արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթությունների ցանկում շարունակում են կարևորվել տարբեր միջազգային գործընկերների միջոցով գույքի և տեխնիկայի նորացման ծրագրերը:

Այսօր՝ հունիսի 18-ին, Փրկարար ծառայությունն ամփոփել է 2021 թվականի հինգ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը և Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը:

Պարբերաբար անակնկալ այցեր են կատարվել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ նպատակ ունենալով արձանագրել թերությունները և նշել դրանց վերացմանն ուղղված քայլերի հստակ ժամկետները:

Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է աղբավայրերում գրանցված հրդեհներին, նշել, որ միայն մայիս ամսվա ընթացքում հանրապետության տարբեր աղբավայրերում հրդեհների 13 դեպք է գրանցվել. անցած տարվա համեմատ ցուցանիշը քառապատկվել է։

2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 3 դեպք։ Մասիսի աղբավայրում ավելի քան տասն օր տևած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 28 մարտական հաշվարկ և 121 փրկարար՝ այդ թվում Երևանի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից։

Իրականացվել է 103 ելք, ծախսվել է 6258 տոննա ջուր, 1800 լիտր վառելիք։

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար, օգտագործվել է 2300 տոննա ջուր, ծախսվել է 1200 լիտրից ավելի դիզվառելիք: Արմեն Գասպարյանի խոսքով՝ փրկարար ծառայությունը պետք է շեշտադրի կանխարգելումը:

Այդ իսկ նպատակով՝ մեկնարկելու է ԱԹՍ-ների կիրառման գործընթացը: Դրանց միջոցով բացի հետախուզական աշխատանքներից, նաև ակտիվ իրազեկում կիրականացվի:

Արդեն մեկ անօդաչու թռչող սարք է տրամադրվել Տավուշի մարզային փրկարարական վարչությանը. նախատեսվում է, որ այն կօգտագործվի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների մասին պարբերաբար հիշեցնելու համար:

ԱԻՆ Փրկարար ծառայությունն ԱԹՍ-ներ է հատկացնելու բոլոր մարզային փրկարարական վարչություններին:

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենը ներկայացրել է իր նկատառումները՝ ծառայության պատշաճ կազմակերպման վերաբերյալ և հորդորել բարեխիղճ լինել՝ ի նպաստ համակարգի:

 

Նույն շարքից