Բարի օր Քաղաքականություն 

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ

analitik.am

 

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։

Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ

Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։

Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։

Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։

պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան, 21.06.2021թ.

  •  
  •  
  •  
  • 6
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից