Հասարակություն 

Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ և հղի անկանխատեսելի հետևանքներով․ պատգամավոր

analitik.am

 

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունենալու: Հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից և հանրության արդարացի պոռթկումն է ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքով:

Այսօր առավոտյան, անակնկալի գալով Արայիկ Հարությունյանի ժամը 18:00-ի նախաձեռնած հավաքից, և գիտակցելով բոլոր այն հետևանքները, որոնք կարող են զգացմունքների ազդեցության տակ տեղի ունենալ, Ազգային Ժողովի երեք ընդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ: Մեր կողմից առաջարկվել է, որ Արայիկ Հարությունյանը հանրությանը ուղղված իր խոսքը սփռի կամ հեռուստատարբերակով, կամ էլ՝ որևէ այլ օր կազմակերպի հանրահավաք: Մեր առաջարկը չընդունվեց, բայց Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ժամը 18:40 ավարտված կլինի իր կողմից հրավիրված հավաքը և Վերածննդի հրապարակում որևէ խոչընդոտ չի լինի նախապես նշանակված հանրահավաք անցկացնելու: Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կազմակերպած հավաքի մասնակիցները պահպանելու են կարգուկանոն:

Մեզ հասած տեղեկություններով, արդեն իսկ երեկ երեկոյան գործի են դրվել բոլոր իշխանական լծակները՝ համայնքապետերի միջոցով բաժանվել են վառելիքի կտրոններ և նյութական հատկացումներ են կատարել մարդկանց ներկայությունը ապահովելու համար: Ինչպես նաև նախարարություններում և պետական հաստատություններում ուղղակի հանձնարարված է ղեկավարներին ապահովել իրենց աշխատակիցների ներկայությունը:

Մենք մնում ենք այն համոզմանը, որ Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով և որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:

Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների, չգնալ արկածախնդրության, հստակ ձևակերպել պահանջները և արժանապատվորեն տեր կանգնել սեփական իրավունքներին:

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Նույն շարքից