Բարի օր Հասարակություն 

Փնտրում էինք չինացի դերասանի․ «Մեր բակը. 25 տարի անց» /լուսանկաներ/

analitik.am

 

«Մեր բակը. 25 տարի անց» սիրված ֆիլմի 4-րդ մասը «Շարմ հոլդինգը» հանդիսատեսի դատին կհանձնի աշնանը:

Նկարահանումներն իրականացվում են նույն, արդեն հարազատ դարձած բակում, իսկ հայտնի տաղավարը նույն տեղում է:

Ֆիլմի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է:

«Մեր բակ»-ի արդեն հայտնի «բնակիչներից» զատ, նկարահանվել են նոր հայտնի և սիրված դեմքեր: Նրանց կերպավորել են երիտասարդ դերասաններ Արուս Տիգրանյանը՝ Ազատ Գասպարյանի թոռնուհին, հանդիսատեսի շրջանում սիրված Տարոն Իսպիրյանը (Պոնչը), Զիրոյանը, Լիլի Մորտոն, Անի Պետրոսյանը, անվանի դերասան Արտաշես Ալեքսանյանը, ինչպես նաև այլազգի արտիստներ:

Analitik.am-ը զրուցեց ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ հետաքրքիր դրվագների և նկարահանման պրոցեսի մասին:

Հարցին՝ արդյո՞ք դժվար է իրականացնել նկարահանումները՝ հաշվի առնելով այն, որ նկարահանման հրապարակը բավականին աղմկոտ վայրում է․ Բրյուսովի ուսանողները կամ հարևանները շատ չեն խանգարո՞ւմ, ռեժիսորը նշեց, որ Բրյուսովի ուսանողները չեն երևում, երևի արդեն արձակուրդներ են․ «Կարծում եմ, հետո կգան կինոթատրոն: Հարևաններն էլ չեն խանգարում, նրանք արդեն փորձ ունեն և գիտեն, որ ամեն ֆիլմից հետո շատ հայտնի «Մեր բակում» տների գները բարձրանում են»:

Արշալույս Հարությունյանը նկարահանումների հետ կապված հետաքրքիր միջադեպերից առանձնացրեց հետևյալը. «Նկարահանումների ժամանակ հետաքրքիր միջադեպեր շատ են պատահում, բայց ես ուզում եմ պատմել այդպիսի մի պատմություն դեռ նախապատրաստական փուլից: Փնտրում էինք չինացի դերասանի, ով պետք է մարմնավորեր արդեն մի քանի տարի մեզ մոտ սովորող և, ցանկալի էր, հայերենին տիրապետող ուսանողի:

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրները և այն, որ ըստ սցենարի նա պետք է վարժ խոսեր հայերեն՝ ինչ որ անհանգստություն կար: Ճիշտ է, պրոդյուսերն ինձ հանգստացնում էր, որ չինարեն իմացող մարդը հայերեն կսովորի: Եվ նա չսխալվեց:

Մեր չինացի դերակատարներից մեկին մենք գտանք Երևանում: Պարզվեց, որ նա շատ լավ ծանոթ է նախորդ «Մեր բակ»-երին և սիրով ընդգրկվեց մեր դերասանական կազմում:

Ի դեպ, շատ լավ էլ տիրապետում է հայերենին»:

Ռեժիսորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսի՞նն է Լիլի Մորտոն «Մեր բակում», արդյո՞ք պահպանվել է նրա մշտական կերպարը, թե՞ բոլորովին նոր կերպարի ենք տեսնելու, որին ի պատասխան ռեժիսորը նշեց՝ Լիլի Մորտոյի մշտական կերպարը կինն է առհասարակ՝ իր քնքշությամբ, կոկետությամբ, նրբությամբ: Այս ֆիլմում նույնպես նա հանդես կգա որպես գեղեցիկ կին՝ նրան հատուկ բոլոր դրսևորումներով:

Ազատ Գասպարյանը «Մեր բակ»-ի ամենասիրելի կերպարներից մեկն է, շատերը գիտեն, որ դերասանուհի, հաղորդավարուհի Արուս Տիգրանյանը նրա թոռնուհին է: Արուսը ևս նկարահանվում է ֆիլմում։

Նրա հետ զրուցեցինք իր տպավորությունների մասին՝ կապված նկարահանումների հետ. «Շատ ուրախ եմ, որ նկարահանվում եմ «Մեր բակում», շատ սիմվոլիկ է ինձ համար՝ որպես պապիկիս թոռնուհի: Առաջին գեղարվեստական ֆիլմն է, որտեղ նկարահանվում եմ, հույս ունեմ՝ հանդիսատեսին դուր կգա»,-նշեց Արուսը:

«Մեր բակի» արդեն հայտնի և սիրված «բնակիչներից» Աշոտ Ղազարյանը նշեց, որ 25 տարի անց ոչինչ չի փոխվել․ «Անկեղծ ասեմ, երբ մտա նկարահանման հրապարակ, ոնց որ էդ 25 տարին իսկի չէր էլ անցել: Ամեն ինչ նույնն էր՝ Հրանտը, Լալան, էդ բակը՝ իսկական նոստալգիա ապրեցի»:

Պարոն Ղազարյանին խնդրեցինք նաև համեմատություն կատարել 25 տարի առաջ և այսօր «Մեր բակի» միջև, մթնոլորտը փոխվե՞լ է, եթե այո, ապա ինչպե՞ս․ «Մթնոլորտի մասին ասեմ, որ էն օրերին ամեն ինչ իր ժամանակին էր համահունչ, հիմա էլ՝ մեր օրերին: Դե, էս ջահելներն էլ եկել են, իրենք մեզանից են սովորում, մենք էլ՝ իրենցից: Իսկ ամենալավ մթնոլորտը կլինի այն ժամանակ, երբ ֆիլմն էկրան բարձրանա, ու մենք էլ կարողանանք կիսվել մեր հանդիսատեսի հետ»:

Սյուժեի մասին բացահայտումներ ո´չ ռեժիսորը, ո´չ էլ դերասանները չարեցին, միայն խոստացան, որ աշնանը մեզ հիանալի անակնալ է սպասվում:

Դե ինչ անհամբեր սպասենք հարազատ ֆիլմի 4-րդ մասին:

Պատրաստեց՝ Նինա Պետրոսյանը

 

Նույն շարքից