Հասարակություն Ֆեյսբուք 

Քանի օր է համացանցում չեն դադարում՝ Արտավազդ Սահակյանի կողմից հիմնադրված՝ Միկրովիրաբուժության և Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնի շուրջ զարգացող «կրքերը»

analitik.am

Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է․․․

Քանի օր է համացանցում չեն դադարում՝ Արտավազդ Սահակյանի կողմից հիմնադրված՝ Միկրովիրաբուժության և Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնի շուրջ զարգացող «կրքերը»․․․ Եւ որ առավել ցավոտ է՝ Հանրապետական նշանակության կենտրոնի հարցը դարձել է համացանցում սիմպատիաների ու անտիպատիաների, ռեմոնտի, քաղաքականության ու էլ շատ գիտեմ ինչ շահարկման նյութ, մինչդեռ խնդիրն ավելի քան լուրջ է և մասնագիտական մոտեցման կարիք ունի։ Այսքանն հաշվի առնելով, որոշեցի անդրադառնալ այս հարցին, քանի որ անմասն չեմ ոչ Միկրովիրաբուժական կենտրոնից, ոչ էլ՝ թեմայից․․․

Ինքս 2008-2012 թթ․-ին օրդինատուրա եմ անցել այդ կենտրոնում։ Արտավազդ Բագրատիչն իմ ուսուցիչն է, իսկ թե ինչ է նշանակում ուսուցիչը բժշկի համար՝ Հիպոկրատի երդում տված ցանկացած ոք կիմանա․․․

Քանի որ ամենաշատ արծարծվող հանգամանքը այս հարցում դարձել է ռեմոնտը, մի քանի բառ կգրեմ այդ մասին։ Օրդինատուրա ընդունվելուս տարում, ավագ կուրսի օրդինատորներից իմացա, որ արդեն տևական ժամանակ է սպասում են, որ Համալսարանը կվերանորոգի կենտրոնը՝ հիվանդներին ու անձնակազմին ապահովելով պատշաճ պայմաններով։ Սպասումներն իրատեսական էին թվում այնքանով, որ մասնաշենքի տարբեր հատվածներում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, և բաժնում, բնականաբար, սպասում էին իրենց հերթին։ Մինչդեռ տարիներն անցան, բայց էդպես էլ որևէ քայլ այդ ուղղությամբ չարվեց։ Ու բաժնի աշխատակիցներն ու օրդինատորները, Արտավազդ Բագրատիչի գլխավորությամբ ստանձնեցին կենտրոնի վերանորոգման պատասխանատվությունը՝ ուժերի ներածին չափով հիմնանորոգելով այն։ Այսքանը ռեմոնտի մասով։

Բայց էստեղ կա շատ ավելի լուրջ խնդիր, քան պատերն ու վերանորոգումն են։ Խոսքը դպրոցի մասին է։

Միկրովիրաբուժությունից քիչ-թե շատ հասկացող ցանկացած ոք կփաստի, թե ինչքան դժվար է զրոյից մի ամբողջ հանրապետական նշանակության կենտրոն կառուցելը։ Իսկ այդ կենտրոնը զուտ պատերը չեն, այլ նախ և առաջ անձնակազմը՝ սկսած մայրապետերից (սանիտարներ), վերջացրած բարձր որակավորված մասնագետներով։ Էլեմենտար օրինակ բերեմ, ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրաբուժության մեջ առանձնակի կարևոր դեր ունի հետվիրահատական խնամքը, իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան պատրաստություն անցած միջին օղակի բուժանձնակազմ, բուժքույրեր և այլն։ Օրինակ, ընդհանուր վիրաբուժության ստանդարտ վիրահատությունից հետո, երբեմն կարիք է լինում սառը դնել, իսկ օրինակ լոսկուտի կամ վերականգնված անոթի վրա դրված սառը կարող է լոսկուտի կորստի պատճառ դառնալ։ Մեկ այլ օրինակ, հետվիրահատական շրջանում լոսկուտների հսկողություն է անհրաժեշտ։ Առաջին հետվիրահատական օրը՝ յուրաքանչյուր ժամը մեկ, հետո՝ երկու ժամը մեկ, եւ էդպես՝ առնվազն չորս օր, ինչը ֆիզիկապես անհնար է ապահովել մի հոգու ջանքերով, և կարիք կա պատրաստված անձնակազմի։ Անձնակազմը պետք է տարբերի երակային թրոմբոզը՝ զարկերակայինից, կանխորոշի անոթի հնարավոր փակվելը, դա հավաստանշելուց հետո կատարի անհրաժեշտ միջամտությունը՝ ընդհուպ կրկնակի վիրահատություն և այլն։ Ինչի՞ համար եմ այս մանրամասները գրում, որպեսզի ցույց տամ, թե ինչքան կարևոր է պատրաստված անձնակազմը, որտեղ, ինչպես նշեցի արդեն, առանձին դեր ունեն նաև բուժքույրերը։ Այդ բոլոր գիտելիքները յուրացնելու համար տարիներ են անհրաժեշտ։ Պատահական չէ, որ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության օրդինատուրան ամենաերկարներից է՝ Հայաստանում տևում է 4 տարի։ Տարեկան կտրվածքով կլինիկական բազան ընդունում է բազմաթիվ օրդինատորներ, որոնց թիվը ներկայումս գերազանցում է 30-ը (իսկ ամբիոնում՝ մոտ 60 հոգի): Սրան գումարեք վերապատրաստումներ անցնող բժիշկներին (ինքս էլ վերջերս և 7 շաբաթյա վերապատչաստման կուրս եմ անցել այդ բազայում)։ Գործող 2 վիրասրահները գրեթե առանց դադարի աշխատում են և նույնիսկ այդ պայմաններում չեն հասցնում ամբողջ ծավալով ապահովել անհրաժեշտ օգնությունը, եւ երբեմն ստիպված են լինում որոշ պլանային վիրահատություններ հետաձգել, քանի որ շտապ դեպքերը ևս մեծ թիվ են կազմում։ Սա հատկապես սուր էր պատերազմի ժամանակ, երբ գործնականում 24 ժամ կենտրոնն աշխատում էր՝ սպասարկելով վիրավոր զինվորներին և անելով գրեթե անհնարինը․․․ Ոչ պատերազմական իրավիճակում և՛ս կենտրոնն իրականացնում է 24 ժամյա հերթապահություն և օրվա կտրվածքով սպասարկում է միջինում 5-6 շտապ դեպք, նույնքան էլ՝ պլանային։ Ողջ հանրապետության տարածքից ամենօրյա ռեժիմով հիվանդներ է ընդունում բաժանմունքը, որոնց մի մասը շտապ անհետաձգելի դեպքեր են։ Հիմա պատկերացրեք, թե այդ ծավալի դեպքում քանի պալատի կարիք ունի բաժանմունքը, էլ չեմ ասում՝ պերսոնաժի համար սենյակները, վիրակապարան, պրոցեդուրային սենյակը և այլն․․․

Էսքանը գրեցի, որպեսզի պարզ դառնա, որ միկրովիրաբուժությունը և վերականգնողական պլաստիկ վիրաբուժությունը մեծ թիմային աշխատանք է, որտեղ ամենքը ունեն իրենց կարևոր և ինչ-որ առումով անփոխարինելի դերը։ Իսկ այդ անձնակազմը պատրաստելը, նորից եմ շեշտում, տարիներ է տևում։

Իսկ հիմա բուն խնդիրը։ Համացանցում երկկողմանի ստացվող ինֆորմացիայից հասկացվում է, որ խնդիր է դրվել մասնաշենքի այդ թևի վերանորոգման, ինչի պատաճառով Արտավազդ Բագրատիչին առաջարկվել է թիմի հետ ժամանակավորապես լքել տարածքը, իսկ փոխարենն առաջարկվող պայմանները բավարար չեն մասնագիտական գործունեությունը ողջ ծավալով ապահովելու համար։

Ընդհանրապես, ցանկացած գործ և հատկապես լավ գործը, եթե արվում է սխալ ձևով, արդյունքն արդեն խնդրահարույց է։ Իսկ այն որ սխալ կա այստեղ, փաստում են քանի օր շարունակվող այս քննարկումները։ Արտավազդ Բագրատիչին ճանաչողները, կփաստեն, թե ինչ աստիճանի կարևոր ու բարդացած պետք է լիներ հարցը, որ դա դառնար հանրային քննարկման նյութ։ Ինձ, անկեղծ ասած, ամենաշատ ցավը դա է պատճառում, քանի որ խնդրի մյուս կողմում ևս հարազատ ընկերներ կան, որոնք ևս ահռելի ջանքեր են ներդրել՝ Զինվորների վերականգնողական կենտրոնի կայացման գործում։

Բայց, կներեք, էստեղ քննարկման առարկա դարձնել զինվորների հարցը, ըստ իս, շատ տգեղ է և անտեղին, հատկապես, երբ խոսքը գնում է Արտավազդ Բագրատիչի մասին, ով սկսած 90-ականներից մինչ այսօր սպասարկում է վիրավոր զինվորներին։ Նույնիսկ իմ օրդինատուրայի տարիներին, դեռ կենտրոն էին դիմում 90-ականներից վիրավորումներ ստացած անձիք։ Ասել կուզեմ, որ երբ Արտավազդ Բագրատիչը մեր զինվորներին էր բուժում, շատերը նույնիսկ այդ զինվորների տեղը չգիտեին։ Էնպես որ, խնդրանքս է, թողեք զինովրների թեման և մի դարձրեք դա քննարկման առարկա։ Խնդիրը զուտ աշխատանքային է։ Եւ կան օբյեկտիվ մի շարք հարցեր, որոնք պետք է լուծում ստանան, այլապես՝ ունքը դզելու փոխարեն, աչքը հանել կստացվի, և ակնկալվող բարի գործը հակառակ արդյունք կտա։

Բացեք համացանցը և փորձեք ծանոթանալ, թե Երևանի Կենտրոն համայնքում վթարները, շտապ, անհետաձգելի դեպքերը հիմնականում որ կլինիկա են տեղափոխվում։ Շտապ դեպքերի մի զգալի մասը միկրովիրաբուժական միջամտության կարիք ունեն։ Իսկ միկրովիրաբուժական ծառայություն ապահովող հիվանդանոցները գտնվում են քաղաքի տարբեր ծայրերում։ Հիմա, կենտրոնից տեղափոխելով այդ ծառայությունը, ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը՝ հաշվի առնելով նաև մայրաքաղաքի խցանումների վիճակը։

Հաջորդ հարցը, մոտ 30 կլինիկական օրդինատորները որտե՞ղ պետք է անցնեն իրենց կլինիկական պրակտիկան, եթե չապահովվի անհրաժեշտ պայմանները՝ վիրասրահներ, աշխատասենյակներ և այլն։

Հաջորդը, եթե առաջարկվող այլընտրանքը, չի կարողանում ապահովել ողջ անձնակազմի տեղափոխումը, ինչպե՞ս պետք է ապահովվի թիմի միասնական ու կոորդինացված աշխատանքը։ Իսկ որ կոորդինացված ու թիմային աշխատանքը այստեղ գործի հաջողության գրավականն է՝ վերևում արդեն հանգամանորեն անդրադարձել եմ։ Վերջապես, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի՝ տեղափոխության հետևանքով տրոհվող թիմի, հնարավոր գործազրկության և այլ նմանատիպ խնդիրների համար։

Սրանք դեռ հարցերի մի փոքր շրջանակն են, որոնց անդրադարձա, բայց այսքանն էլ, կարծում եմ, բավական է, որպեսզի պարզ դառնա, որ խնդիրն այդքան էլ պարզերից չէ և, իսկապես, կարիք ունի շատ լուրջ մոտեցման։

Հիմա, ինչ վերաբերում է լուծմանը։ Այստեղ, ըստ իս, անհրաժեշտ է կամ առաջակել կենտրոնում (առաջին հիվանդանոցին կից) այլ պատշաճ վայր, կամ ժամանակավորապես հետաձգել այս հարցը՝ մինչև անհրաժեշտ այլընտրանքային պայմանների ապահովումը։ Նորից եմ կրկնում, շտապ դեպքերի մի զգալի մաս, որոնք ընդունվում են առաջին հիվանդանոց, միկրովիրաբուժական միջամտության կարիք էլ են ունենում։ Ինչպե՞ս պիտի ապահովվի այդ ծառայությունը, եթե բաժանմունքը տեղափոխվի հիվանդանոցի տարածքից քաղաքի լրիվ այլ վայր։

Ես իրապես լիահույս եմ, որ համացանցային այս դիսկուրսը վերջապես կավարվտի, և հարցը աշխատանքային ձևաչափում կքննարկվի ու արժանապատիվ ձևով լուծում կստանա։ Իսկապես, շատ ցավոտ էր տեսնել այս թեման այս ձևաչափով։ Ո՛չ Արտավազդ Բագրատիչը, ո՛չ Զինվորների վերականգնողական կենտրոնը այն արժեքները չեն, որոնք պիտի համացանցային ու խոհանոցային բազառների նյութ դառնային։

Անկեղծորեն ցավում եմ, և լիահույս եմ, որ հարցն արագ ու արժանապատիվ լուծում կստանա։ Օր առաջ պետք է վերջ դնել այս հարցի համացանցային ընդարձակումից։ Դա վնասից զատ ոչինչ չի տա․․․

Թերևս էսքանը։

 

Զաքար Խոջաբաղյան

Նույն շարքից