Տնտեսություն 

Այս տարի մեծ ծավալով՝ շուրջ 29 հազար տ կարտոֆիլ է արտահանվել․ փոխնախարար

analitik.am

 

Հայաստանից այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 104 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել է շուրջ 2 անգամ, արդեն իսկ գերակատարվել է նախորդ ողջ տարում արտահանված ծիրանի ծավալը, ապրանքային լավ տեսքով և բարձր պահանջարկով պայմանավորված՝ արտահանվող հայկական ծիրանի գինը ևս բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«2021-ին գյուղատնտեսական սեզոնը բավականին լավ արդյունքներ է արձանագրում: Այս տարի արդեն արտահանումը կազմում է 104 հազար տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 2 անգամ ավել է»,-ասել է Խոջոյանը:

Նախորդ տարվա արդյունքները նույնպես գոհացուցիչ են եղել, 2020-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 145 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որը 2019-ի համեմատ քանակական առումով ավել է եղել շուրջ 2 տոկոսով, իսկ գումարային արտահայտմամբ՝ 27 տոկոսով: Այսինքն՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը նախորդ տարի վաճառվել է ավելի բարձր գնով:

Այս տարի արդեն արտահանված 104 հազար տոննայից շուրջ 43 հազար տոննան միրգ և հատապտուղ է, իսկ 61 հազար տոննան՝ բանջարեղեն: Արտահանվող հիմնական ապրանք է համարվում ծիրանը: Մինչև այժմ արտահանվել է շուրջ 25 հազար տոննա ծիրան, համեմատության համար, նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 հազար 400 տոննա: Այսպիսով` արդեն գերակատարվել է նախորդ տարվա արտահանման ծավալը:

Այս տարի մեծ ծավալով՝ շուրջ 29 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել, ողջ 2020-ի արտահանումը կազմել է շուրջ 9 հազար 500 տոննա: Նույն տեմպերով աճում է նաև լոլիկի արտահանումը, այս տարի արդեն արտահանվել է 24 հազար 500 տոննա լոլիկ: Դա գրեթե նույնն է, ինչ ողջ 2019-ի ընթացքում արտահանվածը: 2020-ի ընթացքում արտահանվել է 28 հազար 800 տոննա լոլիկ, փոխնախարարը վստահ է՝ այս տարի այդ ցուցանիշը կգերակատարվի:

Սակայն այս տարի նվազում է նկատվում վարունգի արտահանման ծավալներում: Փոխնախարարը ներկայացնում է նաև սրա պարզաբանումը՝ արտահանողները պարզապես զգուշավորություն են ցուցաբերել: Գարնանը եղանակային պայմաններով պայմանավորված՝ Լարսի անցակետում խնդիրների լուծումն ավելի երկար է ձգձգվել, քան նախորդ տարի:

«Այս տարի հերթերն ավելի շատ էին: Դա է պատճառը, որ շատ վարունգ արտադրողներ ուղղակի փոխեցին իրենց մշակաբույսերը, վարունգի փոխարեն սկսեցին արտադրել լոլիկ կամ այլ մշակաբույսեր, քանի որ, եթե լոլիկը արտահանման ժամանակ կարող է 21 օր ճանապարհ գնալ, ապա վարունգի դեպքում արտահանողն իրեն այդպիսի շռայլություն չի կարող թույլ տալ»,-ասել է փոխնախարարը:

Ռիսկերը հաշվի առնելով՝ շատ ջերմոցատերեր այս տարի պարզապես վարունգ չեն աճեցրել, որոշներն էլ այդ վարունգը պարզապես չեն արտահանել, սպառել են հենց տեղական շուկայում: Փոխնախարարի խոսքով՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 18 տոկոսն արտահանվում է, 9 տոկոսը վերամշակվում, մնացածը սպառվում տեղական շուկայում:

Խոջոյանը վստահեցրել է, որ սակայն գյուղատնտեսական սեզոնին՝ հունիսից սկսած մինչև այժմ արտահանման գործընթացում խնդիրներ չեն գրանցվել, այս պահին անխոչընդոտ արտահանում է իրականացվում:

 

Նույն շարքից