Քաղաքականություն 

Քննարկվել են գինու, կոնյակի արտահանման ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը

analitik.am

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակշրջանում պակաս է եղել 2 անգամ:

Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախախարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: «Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի:

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը:

Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:

Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Արման Խոջոյանը զեկուցել է խաղողի և այլ գյումթերքների մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվել է, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խոշոր մթերողների հետ և քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման քայլերն ու պետության կողմից վարկավորման ծավալները: Փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների կողմից իրականացվող նախագծերի ընթացքին՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ծրագրերը լավարկելու հնարավորությունները:

 

 

Նույն շարքից