Իրավական 

Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրգործի նախաքննություն

analitik.am

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Երևան քաղաքի բնակիչ Գ. Նավոյանը կաշառք է տվել իր ծանոթ Ա. Գրիգորյանին:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն ստանալու պատրվակով իր ծանոթ բուժքույր Ա. Գրիգորյանին հրավիրել է իր բնակարան, որտեղ վերջինիս առաջարկել է 40.000 ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ա. Գրիգորյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և Գ. Նավոյանից ստացել վերը նշված գումարը:

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալուց հետո` նույն օրը, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն և տվել հանցագործության մասին հաղորդում՝ ներկայացնելով կաշառքի առարկա 40.000 ՀՀ դրամը:

Ընտրողին կաշառք տալու համար Գ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

Նույն շարքից