Քաղաքականություն 

Հազար տարի առաջ մարդը աղաղակել ու «զանգ է հնչեցրել», մեզ ինքնաճանաչության դաս է թողել, փորձել է իմունիտետ ձևավորել. Մելիքյան

analitik.am

 

Երեկ Մայր Աթոռում ներկա էի երկու շատ արժեքավոր գրքերի շնորհանդեսի։ Գրքերից մեկին՝ «Հայոց Կանոնագրքի Համաբարբառին» արդեն ծանոթ էի, դեռ ամիսներ առաջ էի ձեռք բերել այդ ֆունդամենտալ աշխատությունը։

«Հայոց Կանոնագիրքը» դարերի ընթացքում հայերիս միջև գործած «խաղի կանոններն» ու առհասարակ հայոց պատմությունը՝ ԻՐԱԿԱՆ պատմությունը հասկանալու կարևորագույն բանալի է։ Ու ափսոս, որ հարյուրամյակների ընթացքում ստեղծված կամ փոխառած մեր 1331 կանոնները միայն գրաբարով են առկա (այսուհետ՝ նաև ֆրանսերենով), իսկ աշխարհաբար չեն թարգմանվել։

Շնորհանդեսին ելույթ ունեցողները ընդգծում էին մեր հոգևոր ժառանգությունը օտարներին ներկայցնելու կարևորությունը՝ մեր ինքնությունն ու հոգևոր գանձերը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու համար։ Բայց իմ կարծիքով է՛լ ավելի կարևոր է, որ հենց մե՛նք ճանաչենք մեզ։ Որ մեր պատմության դասերն առաջին հերթին հենց մե՛զ հասու լինեն։

Բերեմ մի օրինակ, որ վերջերս եմ հայտնաբերել։

Մխիթար Գոշի Դատաստանագիրք, հոդված 48 (ԽԸ)․

«Ոչ է պարտ եպիսկոպոսին արկանել զինքն յերկրաւոր հոգս, այլ պարապել եկեղեցական պիտոյից, ապա թէ ոչ՝ ի բաց դնիցէ, զի ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել, ըստ տէրունական բանին։

Եւ զայս ոչ յաղագս հոգալոյ զիշխանացն պարտիմք իմանալ միայն, այլ թէ եւ ըստ պայմանի վիճակ առցէ յայլազգեաց, որպէս եւ այժմ գործեն բազումք յեպիսկոպոսաց եւ ի քահանայից, որոց եւ տէրունականն զարժանաւորն բերէ դատաստան, ասելով՝ ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել։» (եթե գրաբարը չհասկացաք՝ ոչինչ)։

Մխիթարը շատ հետաքրքիր իրավաբանական հնարքի է դիմում․ շարադրում է «Հայոց Կանոնագրքի» առավել հեղինակավոր կանոններից մեկը, որը վերագրվում է հենց 12 Առաքյալներին, իսկ հետո դրան ավելացնում է ի՛ր խոսքը, ի՛ր մեկնաբանությունը, ի՛ր առաջարկած լրացումը (իրավաբանների համար ասեմ՝ որ կիրառում է անալոգիայի հնարքը)։

Առաքելական բուն կանոնը շատ պարզ է՝ Եպիսկոպոսնե՛ր, աշխարհիկ իշխանության լիազորություններ մի՛ ստանձնեք՝ ըստ Քրիստոսի խոսքի, որ «Ոչ ոք չի կարող երկու տիրոք ծառայել», և այն իհարկե ստույգ է թարգմանված։

Իսկ Մխիթարի ասելիքը՞։ Իմ ձեռքի տակ եղած աշխարհաբար ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (երկուսը՝ 2001թ․, մեկը՝ 2009թ․ հրատարակություններ) սխալ են թարգմանում այդ կտորը։ Ինչ-որ անհասկանալի բան է ստացվում։

Իսկ իրականում Մխիթարը շատ ցավալի բան է ասում։ Ասում է՝ «Այս կանոնը չպետք է հասկանանք միայն աշխարհիկ իշխանների լիազորություններով զբաղվելու իմաստով։ Այն վերաբերում է նաև օտար տիրակալների հետ պայմանավորվածությամբ՝ եկեղեցական շրջաններ յուրացնելու դեպքերին, որ այժմ շատ եպիսկոպոսներ ու քահանաներ կատարում են։»

Փաստորեն՝ Մխիթարն Առաքելական կանոնը մեջբերել է մի նպատակով՝ աղաղակելու համար, որ հայ ղեկավարները գնում, օտարների հետ պայմանավորվում էին իրենց եղբայրներին «ռադ անելու» ու նրանց թեմերն ու ծխական համայնքները մեջ-մեջ անելու մասին։ Փաստորեն, հազար տարի առաջ այն աստիճան տարածված է եղել այս իրողությունը, որ Մխիթարը գնացել՝ Կանոնագրքից հոդված է գտել, այն «հարմարեցրել է» իրավիճակին ու այդ վայ-ղեկավարների համար պատիժ է սահմանել։

Հազար տարի առաջ մարդը աղաղակել ու «զանգ է հնչեցրել», մեզ ինքնաճանաչության դաս է թողել, փորձել է իմունիտետ ձևավորել։ Իսկ մե՞նք։ Իսկ մեզ այդ դասն անգամ չի էլ հասել։ Չեմ էլ ասում՝ մեր երեխաներին ու ուսանողներին չենք սովորեցնում։ Որտեղի՞ց սովորեցնենք, եթե ԲՈԼՈՐ ԵՐԵՔ աշխարհաբար թարգմանություններն այս կտորը լրիվ ուրիշ կերպ են թարգմանել։

ՀԳ․ Ի դեպ, ադրբեջանցիները Մխիթար Գոշին համարում են նշանավոր ադրբեջանցի իրավագետ։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից