Հասարակություն 

Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը

analitik.am

 

Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:

«Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն»,-հայտնում է նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Այդոեւն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 10.-ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ-Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթեւ ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջաբրայիլում։

Դավիթն այդ ընթացքում իրեն պատվով է դրսեւորել զինծառայության մեջ, իսկ պատերզամի մեկնարկից հետո պարզապես փառավոր վարք է դրսեւորել: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոեւի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5.-ին։

Աղբյուրը՝ Yerkir.am

Նույն շարքից