Հասարակություն 

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը ՕԽ-ի քառորդ եզրափակիչում է

analitik.am

 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Սլովակիայից Անդրեյ Շեմեզի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը. նա պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային:  Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով 7-րդն է: Լողորդներ Արթուր Բարսեղյանը  և Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը:

Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:

Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 07:36-ին:

Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունա-հռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:  Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:

Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը  67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից