Հասարակություն 

Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ

analitik.am

 

Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում նախատեսում է կառուցել լեռնադահուկային համալիր:

«Ներդրվելու է 30 մլրդ դրամ։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։

Համալիրը տարեկան նախատեսում է սպասարկել 500 հազար զբոսաշրջիկի, այդ թվում՝ հարևան պետություններից՝ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից»,- ասաց Քերոբյանը՝ ավելացնելով, որ համալիրում գործելու է նաև խաղատուն։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ խաղատները Հայաստանում գոյություն ունեն հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է ևս մի քաղաքում խաղատուն ունենալու թույլտվությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը խաղատներով առանձնապես հետաքրքրված չէ, սակայն դրանց գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին:

«Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են ստանալ խաղատուն կառուցելու թույլտվություն:

Կարող է հարց ծագել՝ այդ ինչպե՞ս է, որ բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում, և փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել, սակայն ավելացրեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի մարզն այդ համբավը ձեռք բերի:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն որոշման հետ  այսպիսի  սարսափի մթնոլորտ ստեղծել («Վա՜յ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի) ճիշտ բան չէ։

Հիմա կխորանանք ու կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից