Քաղաքականություն 

Արցախի ԱԳՆ արձագանքը` Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցին

analitik.am

 

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ։

«Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:

Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը», - ասված է հայտարարությունում։

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից