Քաղաքականություն 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը

analitik.am

 

Հուլիսի 28-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Ադրբեջանին ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ  օրենսդրական փոփոխությանը, որի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էր, ում միացել էին Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմումբն այս արդյունքին հասնելու համար տևական շրջան իրականացրել է քաղաքական-հարաբերական և լոբբիստական համալիր աշխատանք։

Ներկայացուցիչների պալատի երեկվա քվեարկությունը կարևոր ազդանշան է Ալիևի բռնապետական ռեժիմին, որ Հայաստանի և Արցախի դեմ շարունակական ագրեսիան չի վարձատրվելու ԱՄՆ հարկատուների կողմից գոյացող ռազմական օգնությամբ:

Օրենսդրական փոփոխությամբ  2022թ․ ֆիսկալ տարվա  «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում» և «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագիր» տողերով հատկացվող որևէ ֆինանսավորում չպետք է ուղղվի Ադրբեջան:

Պետք է սակայն նկատել, որ Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օժանդակությունը բազմավեկտոր է, և երեկվա քվեարկությամբ չի սահմանափակվում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը Ադրբեջանին, ինչը Պաշտպանության դեպարտամենտի կոմպետետության տիրույթում է։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները, որպեսզի կասեցվի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակության բոլոր տեսակների տրամադրումը։

Այդ ուղղությամբ հանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի՝ զինված ուժերի հանձնախմբի հետ՝ վերականգնելու «907-րդ բանաձևի» դրույթների կատարումը, որով առհասարակ արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակություն ունեցող որևէ օժանդակություն։

Իր հերթին ԱՄՆ Սենատը ևս պետք է իրականացնի 2022թ․ ֆիսկալ տարվա ծախսերի վերանայում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս առումով ևս շարունակելու է սերտորեն համագործակցել Սենատի հետ՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու և Հայաստանին ու Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը ընդլայնելու նպատակով:

Ժամեր անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի նաև Հայաստանին շուրջ 50 մլն դոլար օժանդակության տրամադրման օգտին, ևս 2 մլն դոլար կտրամադրվի Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելուն։ Հատկանշական է, որ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, առաջարկվող 50 մլն դոլարը, երկու անգամ ավելին է, քան նախագահ Բայդենի կողմից 2022թ․ ֆիսկալ տարվա համար առաջարկվածը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումից հրաժարմանը, ապա երեկ ընդունված օրենսդրական փոփոխության ուղեկցող զեկույցում առկա է մտահոգություն՝ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհամապատասխանության վերաբերյալ, ինչը հենց 907-րդ բանաձևի պահանջներից հրաժարման արդյունք է։

Հուլիսի 28-ի քվեարկության առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը հայտարարել է․ «Ներկայացուցիչների պալատն այսօր Ադրբեջանի դեմ սկզբունքային երկկուսակցական դիրքորոշում ցուցաբերեց և ճնշող մեծամասնությամբ մերժեց այդ երկրին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը` ի պատասխան Արցախում Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների  և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի։

Նույն ուժով և նպատակասլացությամբ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կշարունակի օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել նրան, որ ամերիկյան հարկերից գոյացող ոչ մի դոլար չուղղվի Ադրբեջանի խարդախ, նավթով հղպացած բռնապետ Ալիևի բանակին»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

29.07.2021 թ.

 

 

Նույն շարքից