Քաղաքականություն 

Երբ 2001-ին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում, ի՞նչ էիք անում այդ ժամանակ․ Արշակյանը՝ Օհանյանին

analitik.am

Մենք անհավասար պայքար ենք մղել թշնամու դեմ: Այս մասին օգոստոսի 4-ին Ազգային ժողովի հատուկ նիստին խորհրդարանի երեք փոխխոսնակներից մեկի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ ասաց արդեն ընտրված փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Նա, մասնավորապես, հարց ուղղեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Երբ 2001-ին Ադրբեջանը նախարարություն ստեղծեց, որն այժմ զբաղվում է ռազմական արդյունաբերությամբ եւ անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում, ի՞նչ էիք անում այդ ժամանակ, որպեսզի հայկական բանակը նույնպես զարգանար այդ ուղղությամբ»,- հարցրեց Արշակյանը:
Այս կապակցությամբ, ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակը, նոր հարց է ծագում` որտե՞ղ էին հայկական անօդաչու թռչող սարքերը պատերազմի ժամանակ:

«Դրանցից այն ԱԹՍ-ները, որոնց մշակումն ավելի վաղ էր սկսվել, կիրառվեցին, բայց, ինչպես գիտենք, դրանք ընդհանուր ծավալով մի քանի անգամ զիջում էին հակառակորդին»,- ասաց Արշակյանը:

Ըստ ԱԺ փոխխոսնակի` Սեյրան Օհանյանը պետք է հիշի, որ ութ տարի նա ղեկավարում էր ոլորտը հենց այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը զինված էր ամենաժամանակակից զենքերով:

«Պարոն Օհանյան, մտքովս չէր անցնի ասել, որ դուք միտումնավոր ոչինչ չեք արել, որ Ադրբեջանը ներխուժի եւ ինչ-որ բան նախաձեռնի: Ես երբեք ինձ թույլ չեմ տա դա եւ առաջարկում եմ, որպեսզի դուք ինքներդ ձեզ թույլ չտաք հայտարարել ԱԺ-ում, որ մենք, հնարավոր է, դիտավորյալ չենք հագեցրել ինչ-որ դիրք: Մենք արել ենք այնքան, որքան հնարավոր էր, եւ ես վստահ եմ, որ դուք ձեր պաշտոնավարման ընթացքում նույնպես արել ենք այնքան, որքան հնարավոր էր անել»,- ասաց Արշակյանը:

 

Նույն շարքից