Քաղաքականություն 

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

analitik.am

ՀՀ ազգային ժողովը ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանին:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան մեկ ձայն է պակասել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա  անցկացվում է  նոր ընտրություն: Ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: Օհանյանը հայտնեց, որ կրկին Սաղաթելյանի թեկնածությունն են առաջադրում:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր չի մասնակցել ընտրությանը և հետաքրքրվեց, թե ինչու: Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նա նշեց, որ իրենց խմբակցությունից 2 հոգի կալանավորված են, մեկը հարգելի պատճառով բացակա է:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնել էր, որ կողմ է քվեարկելու Սաղաթելյանի թեկնածությունը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել էր, որ կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ Սաղաթելյանի ընտրության համար:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

ԱԺ երկու փոխնախագահները իշխանական խմբակցությունից են՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից