Քաղաքականություն 

ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

analitik.am

Օգոստոսի 5-ին  ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյանը :

Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրել է  Արցախի Հանրապետության  ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Ա. Մովսիսյանը:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց, մինչև նախագիծն ԱԺ ուղարկելու օրը ներառյալ, ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից և տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի նիստում որոշվել է՝ պատգամավորների կողմից հնչեցված առաջարկները գրավոր ներկայացնել օրինագծի երկրորդ ընթերցմանը:

3 կողմ ձայնով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվել է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը:

Հաջորդիվ քննարկվել է««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Ժ. Միրզոյանի ներկայացմամբ օրինագծով   սահմանվում է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ինչպես նաև նախատեսվում է այդ հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ վերապահելու հնարավորություն:

Օրենքի նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ, որոնք տարածվում են անորոշ թվով անձանց վրա:

Նախագծի հեղինակը  պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Հաձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է արտահերթ նիստի քննարկմանը:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նույն շարքից