Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները. ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի կուտակումներ ունի. Գորիսի փոխքաղաքապետ

analitik.am

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն այսօրվանից սկսել են ստուգել ոչ միայն իրանական բեռնատարները, այլ նաև՝ ավտոբուսները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրանցի վարորդները ստուգումների հետ կապված լուրջ դժգոհություններ ունեն և հայկական կողմի հետ զրույցներում նշում են, որ ավելի լավ է ընդհանրապես չգան, քան այդքան ժամանակ, նյարդեր և գումար վատնեն։

«Այս պահի դրությամբ նույն վիճակն է. ադրբեջանցիները պարսկական մեքենաների հետ կապված նույն ստուգումներն են իրականացնում, խցանումներ առաջացնում։ Կարծում եմ՝ այս ամենի նպատակը մարդկանց նեղելն է։ Չգիտեմ, լավ բան չի սպասվում։ Ինչ կատարվում է, լավ բան չի սպասվում։ Հետագան ավելի վատ կլինի. կարծում եմ՝ հետագայում կսկսեն նաև հայկական մեքենաներն ստուգել։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում», - հայկական մեքենաների հնարավոր ստուգման մասով մեր հարցադրումը կանխելով՝ ասաց Կարո Քոչարյանը։

Գորիսի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ՀՀ իշխանության նեսում ներկա պահին չկա որևէ անձ, որը կերաշխավորի, որ ադրբեջանցիները հետագայում ավելի վտանգավոր քայլերի չեն դիմելու։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, Քոչարյանը նշեց՝ ինքը չգիտի նույնիսկ՝ ինչ պատասխանի. քայլեր պետք է ձեռնարկի ԱԱԾ-ն։

Գորիսի փոխքաղաքապետը նաև հավելեց՝ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի թվով կուտակումներ ունի։

«Կուտակումները շատ են։ Ադրբեջանցիները թեկուզ հայկական պետհամարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում, բայց նաև չեն էլ թույլատրում, որ մենք կանգնենք։ Էնքան որ մեզ հանում են արանքից, պարսկական համարանիշներով մեքենաները սկսում ստուգել», - ասաց Կարո Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։

Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև 50 000 դրամին համարժեք գումար են գանձում։

Նույն շարքից