Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը սկանդալով է նշում անկախության 30-ամյակը. Независимая газета

analitik.am

Սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին, սկանդալներով են սկսվել, գրում է «Независимая газета» պարբերականը՝ նկատելով, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցը:

«Ակնհայտ է, որ դա պայմանավորված էր նրանով, որ մի խումբ մարդիկ պատրաստվում էին խանգարել՝ իրենց որդիների մահվան համար մեղադրելով վարչապետին:

Իսկ դրանից առաջ հայտնի է դարձել Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված առաջարկի մասին, որը վերաբերում էր հարաբերությունների կարգավորման բանակցությունները վերսկսելուն:

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ հայտարարել էր երկրի անկախության 30-ամյակի շքեղ տոնակատարության մասին և, ի պատասխան 44-օրյա պատերազմում ռազմական պարտության ֆոնին «հատուկ տոնակատարությունների» անտեղիության վերաբերյալ առարկություններին, ասել, որ այն անցկացվելու է ի հիշատակ զոհերի:

Դրանից հետո նա այցով մեկնել էր Թբիլիսի, որի ընթացքում, ըստ ամենայնի, նա իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկ է փոխանցել Էրդողանին:

Մամուլի ասուլիսում Թուրքիայի ղեկավարը խոսել է Հայաստանի վարչապետի ցանկության մասին և զգուշացրել. «Դուք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց անհրաժեշտ է բարի կամքի դրսևորում: Եթե այս հանդիպումը կայանա, Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:

Էրդողանը հույս է հայտնել, որ Երևանը և Անկարայի դաշնակից Բաքուն կհաղթահարեն դժվարությունները՝ բացելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի ինքնավարության հետ: Այնուամենայնիվ, թուրքական ԶԼՄ-ները դեռ օգոստոսին էին գրում, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը հրաժարվի Ցեղասպանության հարցում պահանջներից, «թուրքական տարածքներից, որոնք կոչում է Արևմտյան Հայաստան» (չակերտները՝ Խմբ.), ամբողջությամբ լքի Ղարաբաղը և կրկին կապ ապահովի Բաքվի և Նախիջևանի միջև: Այստեղից կարելի է ենթադրել, որ Երևանի և Անկարայի կուլիսային շփումները դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ սկսվել են առնվազն այս ամառ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձերը կատարվել են 2008-2009 թվականներին: Այն ժամանակ, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպել են իրենց երկրների ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: «Ֆուտբոլային դիվանագիտություն» կոչվող գործընթացը հասել է իր գագաթնակետին 2010 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ՝ երկկողմ համաձայնագրեր, որոնք նախատեսում էին առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ: Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան շահագրգռված էին համաձայնագրերի կատարմամբ, սակայն գործը բուն ստորագրումից այն կողմ չանցավ: Անկարան ենթարկվեց Բաքվի ուժեղ ճնշմանը, որը հիշեցրեց Ղարաբաղի հարցում եղբայրական պարտքի մասին, և Թուրքիան, որը կախված էր Ադրբեջանի էներգետիկ մատակարարումներից, անցավ հետընթաց շարժման:

Թուրք ազգայնական շրջանակներում համաձայնագրերի իրագործումն, իրոք, դիտարկվում էր որպես Ադրբեջանի դավաճանություն: Մինչդեռ հայ հասարակության մի մասը մտավախություն ուներ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սպառնալիք կստեղծի Հայաստանի համար: Մասնավորապես, այն փաստը, որ 3 միլիոն բնակչություն ունեցող և տնտեսապես խնդրահարույց Հայաստանի և 80 միլիոն բնակչությամբ և տնտեսապես շատ ավելի հզոր Թուրքիայի միջև սահմանների բացումը կարող է հանգեցնել մի պետության կողմից մյուսի փաստացի կլանմանը:

Այսօր Փաշինյանի նախաձեռնությունը կրկին անընդունելի է հայ բնակչության մի մասի համար: Պատճառն այլևս ոչ միայն վախերն են, այլ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը: Վերջին պատերազմում, ինչպես հայտնի է, հայերի համար գրեթե ճակատագրական դեր խաղաց Թուրքիայի աննախադեպ ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Նման հանգամանքներում անտեղի է միջնորդների միջոցով Անկարայի հետ կապ հաստատելը:

«Այլընտրանքային նախագծեր» փորձագիտական խումբը հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ աշխարհում կա օրենք՝ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հասարակության պառակտման հանգեցնել: Սակայն Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարում դրան հավատարիմ մնալ: Ըստ հոդվածի հեղինակների՝ այս օրերին իշխանությունները կարող են հայ հասարակության առջև խոսել միայն ներողություն խնդրելով այն բանի համար, որ միջպետական մայրուղին (խոսքը Գորիս -Կապան ճանապարհի մասին է) վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը պաշտպանում են ռուս խաղաղապահները, բայց նույնիսկ ավելի լավ է ներողություն խնդրելու փոխարեն հայտարարեն հրաժարականի մասին:

Փորձագիտական խումբը սուր քննադատել է նաև Անկախության տոնին նվիրված գալա համերգի բուն գաղափարը՝ այն համարելով բարոյականությանը հակասող և վնասակար պետության հեղինակության համար:

Դիտորդները նաև նշում են, որ Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված կոչը հաջորդել է ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժություններին՝ այժմ արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Անխորտակելի եղբայրություն - 2021» կոչվող վարժանքներին մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հետևակներ, հատուկ նշանակության ջոկատներ և այլ տեսակի զորքեր: Թուրք-ադրբեջանական դաշինքի հզորության հերթական ցուցադրումը, թերևս, ենթադրում է ոչ այնքան Հայաստանի ահաբեկում, որքան պատասխան՝ Իրանի գործողություններին, որը մեծ զորք և ավիացիա է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման: Սա, իր հերթին, հավանաբար կապված է հիշյալ Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար մեքենաների իրանցի վարորդների ձերբակալությունների հետ:

Եվ դա ավելի շատ նման է արձագանքի Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական վերջին զորավարժություններին: Ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունը ջրային ավազանում հանդիսանում է Կասպից ծովի հինգ ափամերձ պետությունների կոնվենցիայի խախտում:

Երբ այս հոդվածը պատրաստվում էր հրապարակման, հաղորդվել է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և որոշել են սահմանափակվել դասական երաժշտության համերգով»,- եզրափակում է հոդվածագիր Յուրի Ռոքսը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից