Բարի օր Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Գործատուն չի կարող ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել. Ժորա Սարգսյան

analitik.am

Գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել։ Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումները ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Այո, կա առողջապահության նախարարի 65 Ն հրամանը, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք։ Հիմա պետությունը որպես գործատու՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները։ Համաձայն դրանց, եթե աշխատողը չի թեստավորվում ու, օրինակ, 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։ Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն՝ ազատել աշխատանքից»,- ասաց Սարգսյանը։

Մյուս դեպքերի համար չկան նման կարգավորումներ, չկա նույնիսկ փոփոխություների նախագիծ։ «Գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։ Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- մանրամասնեց Ժորա Սարգսյանը։

Նույն շարքից