Բարի օր Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)

analitik.am

Մի խումբ խաղողագործներ այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքում են կառավարության անգործությունից։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, դեռ 2018-ին Փաշինյանը խոստացել էր, որ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենա։

Խաղողի մթերման խնդրի հետ բախված գյուղացիները նշում են, որ Կոնյակի գործարանը նախ կրճատել է մթերման ծավալները, գինն էլ չի ավելանում՝ չնայած բարձր գնաճին ու գնաճին համապատասխան գինը բարձրացնելու մասին գործարանի խոստմանը։

«Ես լավագուն խաղող արտադրողն եմ։ Տարիներ շարունակ գործարանին եմ տվել 20-22 տոննա խաղող, այսօր ծավալները կրճատել է, հասցրել 8.5 տոննա։ Անցած տարի ավելացած բերքն ընդունել է Գագիկ Ծառուկյանի «Նոյ» գործարանը, այսօր չի ընդունում։ Եթե կառավարությունն իր տեղում լիներ, պետք է խոշոր մթերողների հետ իր հարաբերությունները պարզեր վաղօրոք, որպեսզի բերքահավաքի շեմին գյուղացին այդ խնդրին չբախվեր»,- ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Խաղողագործների խոսքով՝ կառավարության անգործության հետևանքով այգետերերը վնաս են կրում, խաղողն արևի տակ քաշ է գցում ու չամիչ դառնում։

Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ հանդիպումից դուրս եկած գյուղացիները նշում են՝ այսօր նոր փոխնախարարն ասում է՝ բանակցություններ են վարում։

«Սրանք մենակ կարողանում են լացելու ու լավ գործ անելու իմիտացիա անել, նախկիններից դա լավ ժառանգել են։ Բայց խնդիրներին լուծում չեն տալիս»,- ասում է գյուղացին՝ նշելով, որ Հայաստանից կոնյակի, գինու, օղու արտահանման ծավալներն ավելացել են։

«Ես ասում եմ, կառավարության պատճառով օրը 500 կիլո խաղող եմ կորցնում։ Ես չեմ հասկանում, սրանց հետո ո՞նց խոսենք»,- նշում է նա՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ։

«Մինչև հիմա մեզ ոչ ոք չի մոտեցել, ոչ էլ ցանկություն ունեն։ Գյուղացուն ով ա մոտենում»,- ասաց խաղողագործներից մեկը։

Նրանցից մեկն էլ ասաց, թե էկոնոմիկայի փոխնախարարն իրենց ոչ լեգիտիմ տարբերակներ է առաջարկել։

«Էկոնոմիկայի փոխնախարարը հրավիրեց իր մոտ ժողովի, առաջարկեց ոչ լեգիտիմ լուծումներ։ Իսկ մենք, գյուղացի լինելով, շատ լավ տեղյակ ենք խնդրից, մի լուծում ունենք, եթե գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, էս գերխնդիրը որևիցե պարագայում չի կարող վերանալ»,- ասաց խաղողագործը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից