Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին դահլիճը (տեսանյութ)

analitik.am

Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է համայնքների խոշորացման մասին հարցը:

Նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս իշխանությունները չեն սովորել տարբերակել գլխավորը երկրորդականից և այսպիսի քննարկում են կազմակերպել, երբ սահմաններին լարվածություն է առկա:

«Այսօր օրակարգ է բերվել մի հարց, որը, մեր գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական»,- Արծվիկ Մինասյանը:

«Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին: Հրավիրում ենք հանրապետության նախագահի ուշադրությունը և նրանից նաև պահանջելու ենք այս հարցի՝ համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- ասաց Մինասյանը՝ նշելով, թե ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները:

«Արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, այս օրերին տեսնում ենք՝ ինչ լարված իրավիճակ է առաջանում, և ոչ միայն Էրդողանի հետ «սիրախաղերը», այլև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթություն համարվող խնդիրների հետ: Ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»,- ասաց նա:

Վարման կարգով ելույթով հանդես եկավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով. «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը՝ թե՛ համայնքների, թե՛ դրանց խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ տեսանելի խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարների հեռացման նպատակ են հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից