Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

analitik.am

Սեպտեմբերի 26-ին Գարեգին Նժդեհի հրապարակից համախմբման և ոգեկոչման երթ ենք անելու՝ ի հիշատակ մեր հերոսների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով համայնքների խոշորացման նախագծին, Սաղաթելյանն այն որակեց հակասահմանադրական գործընթաց։

«Սա ապօրինի գործընթաց է, որովհետև ՍԴ-ի ուղիղ պահանջը չի իրականացվել։ Համապատասխան քննարկումներ չեն եղել, համայնքների բնակիչների կարծիքները հաշվի չեն առնվել։ Մենք խոշորացմանը դեմ չենք, բայց դեմ ենք նման կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը։ Սա քաղաքական պրոցես է` համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց քաղաքական շահը առաջ տանելու համար»։

Սաղաթելյանը նշեց, որ համայնքներում կան դժգոհություններ, սակայն համայնքների ղեկավարները և ավագանու անդամները, հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը, համարձակություն չունեն դուրս գալու փողոց և իրենց դժգոհությունը հայտնելու։

Նիստին չմասնակցելու մյուս հիմնավորումը, Սաղաթելյանի խոսքով, երկրում առկա անվտանգության խնդիրների առաջնահերթությունն է։

«Ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել ՀՀ տարածքում, Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Էրդողանի հետ, երկրում սպառնալիքները ավելի են խորանում, այս ֆոնին ընդունելի չէ գալ և մասնակցել այս ապօրինի գործընթացին»։

Հարցին` ինչ ընթացքի մեջ է պաշտպանության նախարարի,  ԱԱԾ տնօրենի հետ ԱԺ-ում փակ հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածությունը, Սաղաթելյանը նշեց, որ թեև կա պայմանավորվածություն, սակայն տարբեր մանկական պատճառներով այն դեռ տեղի չի ունեցել։

«Հայաստանին այս պահին սպասում է թուրքացման գործընթաց, մենք ունենք լրջագույն մտահոգություն՝ այս ամենի հետ կապված։ Պատահական չէր, որ երեկ ևս Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ։ Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև, և դա չի բխում ՀՀ շահերից։ Թուրքիայի երեք նախապայմաններին, այն է` հրաժարում Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ավելացել է ևս չորրորդը` միջանցք Սյունիքով։ ՀՀ իշխանությունները ո՞ր նախապայմանն են պատրաստ բավարարել»։

Խոսելով փողոցային պայքարի և ընդդիմության նկատմամբ ունեցած ժողովրդի մի մասի հիասթափությունից՝ Սաղաթելյանն ընդգծեց.

«Մենք ծանոթ ենք մեր բազմաթիվ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տվել, որպեսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանություններին, որը չի բավարարվել, և դժգոհություններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։ Մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ չենք կարող չեզոքացնել երկրում առկա սպառնալիքները։ Ամսի 26-ից հետո պարբերաբար կտեսնեք տարբեր ակցիաներ և գործողություններ, իսկ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսելու են մարզային այցելություններ»։

 

Նույն շարքից