Բարի օր Գլխավոր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

analitik.am

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր:

Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը:

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ առաջին 20 հաստիքները համալրվեն, բայց փաստն այն է, որ այդ պաշտոններից 10-ը ղեկավարներն են՝ նախագահ, տեղակալներ, վարչությունների պետեր, իսկ ինքնավար քննիչների պաշտոնները մնում են 10-ը, և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճի պայմաններում ակնհայտ է, որ այդ 10 հաստիքներով Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների բնականոն կազմակերպումը կոմիտեի կազմավորման փուլում շատ դժվար է լինելու, կարող են գործերի քննության արդյունավետության խնդիրներ լինել, այդ պատճառով առաջարկվում է այդ 20 հաստիքը դարձնել 30, ինչը հնարավորություն կտա ստեղծված պայմաններում կոմիտեի կազմավորման գործընթացը դարձնել ավելի սահուն և բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը»,– ասաց նա:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:

Նույն շարքից