Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետ

analitik.am

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։

Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Նույն շարքից