Բարի օր Գլխավոր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան

analitik.am

«Մենք կարող ենք կամուրջի դեր կատարել մասնագիտական հանրությունում գեներացված խնդիրները ՍԴ փոխանցելու համար»,- ԱԺ-ում սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը ՍԴ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ կազմակերպված քննարկման մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արա Վարդևանյանը:

Նա բերեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ՍԴ դիմելու նախկին երկու օրինակը կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարեկանը լրացած լինելով ԲԴԽ-ն ղեկավարելու իրավունքի և ՀՀ քաղաքացիներին պատվաստվել պարտադրելու օրինագծի վերաբերյալ և հանդիպման մասնակիցներին առաջարկեց անկաշկանդ քննարկում ծավալել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ներկա իրավաբաններին մասնակցության համար, որով նրանք հնարավոր են համարում ըննդիմադիր խմբակցությունների կողմից իրենց բարձրացրած հիմնահարցերով ՍԴ դիմելու  ձևաչափը:

Նկատելով, որ իրավական համակարգն երբեք էլ կատարյալ չի եղել՝ Մկրտչյանը հայտնեց.«Բայց այսօր խոսքը գնում է այն մասին, որ իշխանական աթոռներին նստած անձինք, իրենց համար փոքրիշատե դուրեկան ցանկացած նախադասությունը կարողանում են անցկացնել իրավական, ձևական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման, և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների տեսանկյունից»:

Պատգամավորն առաջարկեց քննարկել այն քրեական գործերը, որոնք վերջին շաբաթվա ընթացքում հարուցվել են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու հիմքով, քանի որ դրանք իրավական որոշակիության առումով խնդիրներ ունեն:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանի առաջարկով քննարկմանը ներկա իրավաբանները որոշեցին երկակի ստանդարտներին և հակասահմանադրական նորմերին հակազդելու տակտիկական հարցերի քննարկումն իրականացնել փակ դռների հետևում:

 

Նույն շարքից