Բարի օր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն. փաստաբան (տեսանյութ)

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավարո Վահե Միսակյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը ներկայացնելիս՝ նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց շրջանակներում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց՝ գրավով փոխարինելու համար։

Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց այն առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս ընթացքում։ Նա նշեց, որ Չարչյանն ունեցել է սրտի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ։

«Արմեն Չարչյանի ինսուլինի օրվա դոզան կազմում է 106 միավոր։ Չարչյանի նկատմամբ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը կալանավորման պայմաններում հնարավոր չէ»,- նշեց փաստաբանը։

Ալեքսանյանը չբացառեց Չարչյանի մոտ սրտամկանի սուր ինֆարկտի կրկնվելու հավանականությունը։

Փաստաբանը վկայակոչեց նաև գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, կալանքի տակ գտնվելն ու դրա հետևանքը.

«Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունն ամեն ինչ արեց, անհամատեղելիությունը հաստատվեց, և Գրիգորյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով՝ անհամատեղելիության հարցի շրջանակներում։ Չենք կարող հերքել այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացված արդարադատության պատճառով։ Եկեք, ինչքան կարող ենք, երկարաձգենք այս հարցը, ձևական ընթացակարգի հետևից ընկնենք, սպասենք փորձաքննության նշանակմանը, հանձնաժողովի ձեւավորմանը և եզրակացության ստանալուն, սակայն դա ինչպե՞ս կանդրադառնա Չարչյանի առողջական վիճակի վրա, գցենք երկրորդ պլան. չէ՞ որ անձի առողջությունը բարձրագույն արժեք չէ, Հայաստանում նման տպավորություն է։ Հարգելի դատարան, ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն»։

 

Նույն շարքից