Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

analitik.am

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին:

Պատգամավորը անդրադարձավ նաև առողջապահության նախարարի այն հրամանին, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան:

«Պատվաստումը յուրաքանչյուր անձի գիտակցված որոշումն է, թող խոսեն, պարզաբանեն՝ ինչի համար է դա անհրաժեշտ պատվաստվել, բայց չպարտադրեն: ՊՇՌ հետազոտության ծախսը թող պետությունը կատարի: Եղած սոցիալական խնդիրներով հանդերձ՝ քաղաքացիներն ինչու՞ պետք է լրացուցիչ ծախս անեն, կամ ստիպված պատվաստվեն»,- ասաց նա՝ նշելով, թե ՍԴ-ին խնդրել են կասեցնել այդ հրամանի գործողությունը:

 

Նույն շարքից