Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

«Հայաստան» խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը

analitik.am

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծությունը, սոցիալական և այլ կարիքների ամբողջական գնահատումը և դրա արդյունքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրվա հրամայական է։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

«Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։

Նշված խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում և, ըստ այդմ, խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը՝ ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանները.

1. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների թվաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցվածքի, ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրի, Արցախում հիմնական բնակության վայրի առկայության և դրանց հասցեների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալների վերաբերյալ:

2. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:

3. ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների և սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդյոք իրականացվել է նշված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկա չափորոշիչների և ուղեցույցերի համաձայն, որի արդյունքում կձևավորվեր լիարժեք պատկեր թե անհրաժեշտ ծրագրերի բովանդակության և թե դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:

4. Արդյոք իրականացվել է ներկայումս ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդյունքում կընդունվեին համապատասխան իրավական ակտեր կամ փոխհամաձայնեցված որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման և ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի գործարկման վերաբերյալ:

5. Արդյոք գործարկվել է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում և այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետության նկատմամբ վստահությունը:

6. Արդյոք դիմել եք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառույցներին (հատկապես ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունեություն իրականացնող ներկայացուցչություններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման և իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիների տարրական իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հարցապնդման պատասխանը ստանալուց հետո այն կենթարկվի մանրամասն վերլուծության եւ կներկայացվի հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Նույն շարքից