Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իրանը հասկանում է, որ դիվանագիտական գործիքակազմն իր տարածաշրջանային ուղերձները տեղ հասցնելու համար այլևս բավարար չէ. իրանցի քաղաքագետ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է բացահայտել։ Նա, ըստ թուրքական մի շարք աղբյուրների, նշել է, որ քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերն առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- Էրդողանի խոսքը մեջբերել են թուրքական պարբերականները։ Ըստ նրա՝ Ադրբեջանում արդեն իսկ իրականացվում են մեծ աշխատանքներ այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Իհարկե, հայկական կողմը ևս պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ մտքերի անկեղծ և արդյունավետ փոխանակություն է եղել։ Էրդողանի խոսքերով՝ Պուտինը ցանկացած պահի պատրաստ է քննարկել «Վեցի հարթակ»-ի ստեղծման հարցը։

Սրան զուգահեռ՝ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի իշխանությունների գործողություններից հետո Իրանը թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական մակարդակով, զինվորականների միջոցով ուղերձներ է հղում տարածաշրջանային երկրներին՝ թույլ չի տալու իր սահմանների և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտում։

Ավելին՝ Իրանի զինված ուժերը նախօրեին զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ, որի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել անձամբ Ալիևը՝ նշելով, թե դա հարցեր է առաջացնում, քանի որ նման զորավարժություններ Իրանը չէր անցկացնում այն ժամանակ, երբ սահմանից այն կողմը շրջանները վերահսկում էր հայկական կողմը։

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։

«Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը։ Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգության և վերականգնման համար»։ Նրա խոսքով, Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջևան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն էներգակիրների անվտանգությունը, տնտեսական երթուղիները և տարանցումը։

Իրանն իր դիվանագիտական մեսիջները փաթեթավորում է զգուշորեն, սակայն հստակ։ Գլխավորն այդ մեսիջներում Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են։ Օրինակ՝ օրերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանին ասել է․

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական վարչակարգի ներկայությունն ու գործողություններն ազգային անվտանգության դեմ, և այդ առումով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները»։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին Փուրէսմայիլը, իր հերթին՝ ասել է, որ Բաքվի համագործակցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար։

«Նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին ու իսրայելական կողմին»,- ըստ «Մեհր» գործակալության՝ ասել է զորամիավորման հրամանատարը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ օրերս հայտարարել էր, թե Թեհրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։

168․am-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասել է՝ լավ է, որ մեծ երկրները քննարկում են կարևոր հարցեր մեր տարածաշրջանի վերաբերյալ, բայց կարիք կա, որպեսզի այդ հարցերն ավելի լայն կազմով քննարկվեն կամ գոնե բոլոր երկրների մասնակցությամբ։

Նրա խոսքով, իրանական կողմն աննախադեպ կերպով ցույց է տալիս իր անհանգստությունն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է ռեգիոնում, քանի որ ռեգիոնալ բոլոր երկրների շահերը, անվտանգությունը չէ, որ հաշվի է առնվում։

Ըստ նրա, այդ հանգամանքն էլ անխուսափելիորեն անդրադառնում է Իրանի շահերի վրա։

Բարզեգարի կարծիքով, ներկայումս Իրանը հասկանում է, որ դիվանագիտական գործիքակազմն իր ուղերձները տեղ հասցնելու այլևս բավարար չէ։

«Ինչպես նկատում ենք, թե դիվանագիտական ձևակերպումներն են կոշտացել, թե ռազմական դիվանագիտությունն է աշխատում և ցույց տալիս իր մոտեցումները, ինչը կարևոր է։ Իրանի մտահոգությունն այն է, որ փոփոխությունները կատարվում են՝ ոտնահարելով մյուս երկրների իրավունքները, որը կարող է շղթայական ազդեցությամբ շարունակվել, եթե դրան չլինի կոշտ արձագանք։

Իրանին ձեռնտու կլիներ աշխատանք տարածաշրջանային 5-ի կամ 6-ի ձևաչափով, որպեսզի ապաշրջափակման հարցում բոլոր երկրների ձայնը լսելի լիներ, և բոլորը մասնակցեին։ Ինչն է խնդիրը, որ դա չի գործում, եթե բոլորը կողմ են, միայն Վրաստանն է դեմ։

Եթե քննարկվում է տարածաշրջանի ճանապարհների հարցը, այս ձևաչափը պետք է օր առաջ գործի, այլապես այն կորցնելու է իր իմաստը, քանի որ որոշումները կայացվելու են այլ ռեժիմով և մատուցելու են անակնկալներ նրանց, ովքեր չեն մասնակցել աշխատանքներին։

Իսկապես կարիք կա տարածաշրջանում կապուղիների վերականգնման և գուցե նոր ուղիների մշակման, սակայն դա չպետք է լինի որևէ երկրի շահերն անտեսող, մյուս երկրի շահերը լիովին բավարարող։ Այս ամենը՝ հայտարարությունները, զորավարժությունները, այդ թվում՝ Իրանի տարածաշրջանային շահերը հաշվի առնելուն են միտված։ Իրանն արդեն մի խնդիր ունի իր միջպետական ճանապարհին և նպատակ ունի կասեցնել տարածաշրջանում սկսված գործընթացը՝ ի բարօրություն բոլոր երկրների։ Հարցը նույնիսկ կոնկրետ ուղիները չեն, այլ այն, որ Իրանի շահերը ևս պետք է հաշվի առնվեն։ Իրանը սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել»,- ասել է նա։

Նույն շարքից