Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Սյունիքում Ադրբեջանը շինարարություն է իրականացնում. ի՞նչ է անում. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը (տեսանյութ)

analitik.am

«Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ նման մարտահրավերներով երկրում թիվ մեկ խնդիրը պետք է լինի Հարկային օրենսգրքում կամ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնե՞լը»,- ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Սյունիքում իրավիճակը չի բարելավվում, Ադրբեջանն այնտեղ լայնածավալ շինարարական աշխատաքներ է կատարում և որևէ մեկը իշխանությունից տեղյակ չէ, թե ինչ է կառուցվում և ինչ անվտանգային հարցեր կարող է այն առաջացնել բնակչության համար:

Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման մասին լուրից հետո, այդ հատվածից քաղաքացիներ են առևանգվել և դրա պատասխանատուն հայտնի չէ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ դիմել է ՊՆ-ին, ԱԱԾ-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Ոստիկանությանը՝ պարզելու, թե ճանապարհի այդ հատվածում երթևեկությունն ինչպե՞ս պետք է կազմակերպվի և անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվելու:

«Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ նշված բոլոր գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, որ հարցը նրանց լիազորություններից դուրս է: Այսինքն, մեր երկրում մի կառուց չկա, որ ասի, թե մեր հայրենակիցներն այդ ճանապարհով անցնելիս ում պետք է ապավինեն, ով է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար»,-ասաց Գրիգորյանը:

Նա ենթադրեց, որ գաղտնիքներ կան, որոնց պատճառով հնչած հարցերին հստակ բացատություններ չեն տրվում:

«Մարդիկ, որոնք 3 տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,- խոսքն ավարտեց Աննա Գրիգորյանը։

 

Նույն շարքից