Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք բնակավայրում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ հումանիտար բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով: Զորակազմի մասնագետները տեղական վարչակազմերի հետ համակարգելով կազմել են կարիքավորների ցուցակներն ու օգնություն տրամադրել նրանց:
«Այսօր մենք ժամանել ենք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք գյուղ, որտեղ 48 տեղահանված և բազմազավակ ընտանիք է ապրում: Մենք նրանց կոշիկ և տաք հագուստ ենք բերել, որը տրամադրել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3-ական զույգ կոշիկ է հատկացվելու՝ ամառային, դեմիսեզոնային և ձմեռային»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Գյուղում, ընդհանուր առմամբ, բնակվում է 1500 մարդ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։