Առողջապահություն Կորոնավիրուս Վերլուծական 

Եթե անգամ վճարեն, COVID-19-ի դեմ բուժումը չի անցնի 150 000 դրամի շեմը․ բժշկի արձագանքը

analitik.am

Կորոնավիրուսի դեմ բուժումը չի կարող գերազանցել 150 հազար դրամը, եթե մարդիկ վճարեն դրա համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը՝ անդրադառնալով բուռն քննարկում առաջացրած՝ կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելուն:

«Երբ մենք փորձում ենք որևէ հարցում սահմանել կանոններ, դա չի նշանակում, որ մենք պետք է կպչենք մարդու գրպանին և ֆինանսական տույժ տանք։ 800 հազար դրամը միջին աշխատավորձով ապրող մարդու համար իր աշխատավարձից 8 անգամ ավելի է։ Հասկանում եմ, որ պատժելու լավագույն միջոցը անձի գրպանին կպչելն է, սակայն ինֆորմացիան մարդուն թափանցիկ ներկայացնելն ավելի ճիշտ է»,- նշեց Մանուկյանը։

Մասնագետը շեշտեց, որ ինքն անձամբ կորոնավիրուսային հիվանդության հեռավար բուժում է իրականացնում և արդեն երկար ժամանակ է, ինչ որդեգրել է այդ քաղաքականությունը։ Նա ընդգծեց, որ հիվանդի մոտ առաջին գանգատներն ի հայտ գալուն պես պոլիկլինիկայում նա անվճար թեստավորվում է, ապա անցնում է ռենտգեն հետազոտություն, ինչից հետո համակարգչային շերտավոր հետազոտություն է արվում, ինչն արժե 25 հազար դրամ։

«Այս հետազոտություններին գումարվում են արյան որոշ անալիզներ, որոնք բժշկական լաբորատորիաներում ընդհանուր շուրջ 25-30 հազար դրամ արժեն։ Թող 50 հազար դրամ էլ լինի դեղորայքը։ Միջին ծանրության հիվանդների՝ թոքերի մինչև 40 տոկոս ախտահարումով, անգամ թթվածնակախյալների դեպքում, ուռճացրած տվյալներով այդ գումարը կկազմի 150 հազար դրամ»,- ասաց Լամարա Մանուկյանը և հավելեց, որ ինքը դրանից ավելի գումար չի կարող պատկերացնել, որ մարդ կարող է ծախսել կորոնավիրուսի բուժման համար։

Կորոնավիրուսի դեմ բուժման համար ծախսերը 700-800 հազար դրամ սահմանելը բժիշկը որակեց որպես պատժամիջոց։

«Երբ հոկտեմբերի 1-ից որոշումն ընդունվեց, որ ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ, միևնույնն է, այն անձինք, ովքեր չէին պատվաստվելու, այդպես էլ չպատվաստվեցին։
Ստացվեց այնպես, որ լաբորատորիաները սկսեցին ավելի էժան թեստեր բերել՝ 15 հազար դրամի փոխարեն այս պահին թեստավորում են 5000 դրամով։ Այսպիսով մարդիկ նախընտրում են ամսական 10 հազար դրամ ծախսել և թեստավորվել, այսինքն այն նպատակը, որը հետապանդվում էր՝ չիրականացավ»,- ասաց Մանուկյանը և ընդգծեց, որ պատվաստումը փրկում է միայն մահացու դեպքերից և չի կանխարգելում վարակելիությունը։
Խոսելով այն մասին՝ արդյոք իր կարծքով քաղաքացուն կհոսպիտալացնեն, եթե վերջինս չկարողանա վճարել այդքան գումար, մասնագետը շեշտեց, որ նրան հիվանդանոց չեն ընդունի։ Մասնագետը վստահեցրեց, որ այստեղ մեկ այլ գործոն կա՝ մարդիկ կսկսեն ծանոթ բժիշկների հետ կապ հաստատել, որպեսզի բուժումը տնային պայմաններում ստանան։
Հոկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ գերատեսչությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել-չդարձնելու հարցը։ Այս պահին դեռ որոշում չկա։ Ըստ քննարկումների, կորոնավիրուսի դեմ բուժումը կարժենա մոտավորապես 800 հազար դրամ։

Նշենք, որ ներկայում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժումն անվճար է իրականացվում։

Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկեմբերի 14-ից։

Նույն շարքից