Գլխավոր Մշակույթ 

Երկարատև դադարից հետո «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

analitik.am

Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է:

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է «Սպարտակ» բալետային ներկայացումը խաղացանկ վերադարձնելու նախապատմությանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին՝ հետպատերազմական շրջանում, իր կողմից հրավիրվել էր Գեղարվեստական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջիկա ծրագրերը:

Քննարկման արդյունքում Գեղարվեստական խորհրդի կողմից որոշում է կայացվել վերականգնել «Սպարտակ» բալետը, որը երկու կարևոր նպատակ է հետապնդում:

«Նախ «Սպարտակը» այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է համախմբել ամբողջ թատերախումբը՝ միանգամից փորձերի և ներկայացումների արդյունքում աշխատանքային լիարժեք մարզավիճակի բերել ստեղծագործական խմբին: Երկրորդը՝ հետպատերազմական վիճակում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը՝ վերադարձնելու հերոսական զգացմունքներն ու հաղթական ապրումները:

Եվ այս տեսակետից ավելի մեծ ստեղծագործություն, քան «Սպարտակն» է, դժվար է պատկեդացնել: Ըստ էության, այս երկու նպատակների տեսակետից «Սպարտակի» վերականգնումն ուղղակի գալիս է լուծելու լրջագույն այս երկու խնդիրները՝ հանրության բարոյահոգեբանական վիճակի կարգավորում և ստեղծագործական խմբի աշխատանքային մարզավիճակի վերականգնում»,- նշել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է նաև մեկ այլ հանգամանքի՝ կրթական հաստատությունները պրոֆեսիոնալ, պետական կառույցների հետ կապելու քաղաքականության կարևորության մասին:

«Լուրջ համագործակցություն է ծավալվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ. ոչ միայն «Սպարտակում», այլև խաղացանկային մյուս ներկայացումներում ընդգրկված են քոլեջի պատանի արտիստները, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ կրթական հաստատությունների և պետական մշակութային կազմակերպությունների կապը պետք է գնալով ավելի սերտանա, ինչը նախարարության քաղաքականության առանցքային կարևորության հարցերից է:

Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնին, ողջ անձնակազմին, հանդիսատեսին «Սպարտակ» բալետի վերականգնման կապակցությամբ և մաղթել հաջող առաջնախաղ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը տեղեկացրել է, որ «Սպարտակ» ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«2009 թվականի Յուրի Գրիգորովիչի բեմադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Գրիգորովիչի կողմից Հայաստան են գործուղվել փորձավարներ, տեխնիկական խմբեր, որոնք իրականացնում են լուսային տեխնիկայի, բեմի, դեկորացիայի տեղադրման աշխատանքներ»,- նշել է թատրոնի տնօրենի տեղակալը:

Տեղեկացնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:

Բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը: Նկարիչ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձե: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի առաջատար մենակատարները:

Նույն շարքից