Սպորտ 

Իմ հաղթանակը նվիրում եմ հայ և եզդի ազգերին. Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյան

analitik.am

Նորվեգիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 8 մարզիկով։ Ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ասաց, որ հայ ըմբիշները մասնակցել են և լավ, և բավարար. «Ունենք աշխարհի չեմպիոն՝ Մալխաս Ամոյան, մեր երկու ըմիշները մոտ էին մեդալների, մյուսները պայքարեցին, բայց չկարողացան հասնել մեդալների համար պայքարի։ Թիմը գրավեց 8-րդ տեղը։ Դա է մեր Օսլոյի նվաճումները»։

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի խոսքով, չնայած Մալխաս Ամոյանը երիտասարդ ըմբիշ է, նրա որակները դեռ փոքր հասակից են երևացել,  սպասում էին՝ բարձր նվաճումների է հասնելու,  ինչն էլ ապացուցել է։

«Մալխասը քրտնաջան աշխատում է, գրագետ գոտեմարտեր է վարուն։ Դա բերեց նրան, որ դարձավ աշխարհի չեմպիոն։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Մալխաս Ամոյանը, մենք սպասում էինք, որ Եվրոպայի չեպիոն էլ է դառնալու, ավելի լավ՝ աշխարհով սկսեց։ Կարծում եմ՝ շարունակական է լինելու, քանի որ մեծ պոտենցիալ ունի, իր ամեն ինչը համապատասխանում է, որ կարողանա հասնել բարձր նվաճումների»,- ասաց Ս. Գևորգյանը։

Նա նշեց, որ պատրաստ էին ոսկին վերցնելու, Ամոյանն էլ լավ տիրապետում էր եզրափակիչ դուրս եկած ռուս ըմբիշի հնարներին. «Մալխասը երկրորդ խաղակեսին էլ էր ակտիվ, բայց, ցավոք սրտի,  իրեն պարտեր դրեցին՝ հույս ունենալով, որ կարող է իրեն պարտերից հնարք կատարեն, բայց չստացվեց, և մենք հաղթեցինք»։

Ասուլիսին ներկա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանն ասաց, որ այս մրցաշարին յուրահատուկ էին մոտեցել։

«Մալխասը տպավորիչ, փայլուն գոտեմարտեր է կատարել։ Իրոք, ծանր, լարված գոտեմարտեր կային, բայց հաղթահարեց ամեն ինչ»,- նշեց նա։

Մալխաս Ամոյանն ասաց, որ իր համար սպասված հաղթանակ էր, իր երազանքներից մեկն էր, այդ ապրումներով է քնել ու արթանացել։

«Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրների, ինձ հետ  մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել աշխարհի ոսկե մեդալը։ Մենք բոլորս մի թիմ ենք, մենակ ոչինչ ենք»։

Ըմբիշը նշեց, որ զգացողություններ անբացատրելի են։ Նա շնորհակալություն հայտնեց հայ և եզդի ազգերին,  այս հաղթանակը նա նվիրում է նրանց. «Տեսնում եմ թե ինչպես են ուրախանում իմ հաղթանակով։ Կփորձեմ գալիք մրցաշարերին ամեն ինչ անեմ, որպեսզի կարողանամ երկու ազգերի պատիվը բարձր պահել»։

Մալխաս Ամոյանն ասաց՝ հետագա նպատակներից են դառնալ օլիմպիական խաղերի հաղթող, կփորձի դառնալ աշխարհի կրկնակի, եռակի հաղթող։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից