Բարի օր Քաղաքականություն 

Ընթացք է տրվել ՏԻՄ ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին 32 ահազանգի. Դատախազություն

analitik.am
Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում:
Կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է եղել ԶԼՄ հրապարակմամբ և վերաբերել է Դիլիջանի ավագանու ընտրությունների քվեարկության օրն առերևույթ այլ անձի փոխարեն քվերակելուն և ընտրատեղամասի մոտ անձանց կուտակումներին:
Տավուշի մարզի դատախազության կողմից այդ հրապարակումն ուղարկվել է Ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ կատարելու:
Այսպիսով ընդհանուր պատկերը հետևյալն է:
Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզերի 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրի, Գորիս, Մեղրի և Դիլիջան քաղաքներում կայացած ՏԻՄ ընտրություններում, քվեարկության ավարտի դրությամբ, ստացվել է ենթադրյալ ընտրական հանցագործությունների մասին 32 ահազանգ, որոնց ճնշող մեծամասնությունը ԶԼՄ հրապարակումներ են: Դատախազության կողմից ապահովվել է, որպեսզի դրանցով բոլորով իրականացվի համապատասխան իրավական գործընթաց:
Մասնավորապես՝ ընտրակաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ, 5 դեպքի առթիվ, որոնցից 1-ը վերաբերում է առերևույթ ծեծին, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, նախապատրաստվում են նյութեր:
Իսկ 26 ահազանգերի կապակցությամբ նախաձեռնվել են ստուգողական գործողություններ, ստացված հաղորդումներում ու հատկապես ԶԼՄ հրապարակումներում նշվող հանգամանքները ստուգելու, ըստ այդմ՝ քրեական վարույթի հարուցման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով: Վերջիններիցս երկուսի պարագայում իրականացված ստուգումներով հանցավոր արարքների կատարման վերաբերյալ տվյալները արդեն իսկ չեն հաստատվել և թողնվել են անհետևանք:
Ինչպես և նախորդ, համապետական ընտրություններին, ՀՀ դատախազությունը հետևողական է իր տեսադաշտում հայտնված բոլոր դեպքերով համապատասխան ընթացք ապահովելու հարցում:
Դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Նույն շարքից