Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում 1150 հոգի դարձել է հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրի շահառու

analitik.am

Հայաստանում Հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շահառու է արդեն դարձել մոտ 1150 հոգի: Այս մասին լրագրողներին պատմել է հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս պացիենտների հետ արդեն անցկացվել է ավելի քան 6200 սեանս, իսկ մինչեւ տարեվերջ սեանսների թիվը հավանաբար կհասնի 9500-ի: Ծրագրին մասնակցում են 60-ից ավել հոգեբաններ, ովքեր աշխատում են այս պացիենտների հետ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ շարժական խմբերի տեսքով: ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի խոսքով, այս ծրագրի իրագործման համար կառավարությունը 100 մլն դրամ է հատկացրել, եւ աշխատանքները տարվում են արդեն մոտ 4 ամիս, իսկ համակարգում է ծրագիրը Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ծրագրի շահառու կարող են լինել պատերազմի արդյունքում տուժած մարդիկ՝ զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում կամավորները, ինչպես նաեւ տեղահանվածները: Ինչպես նշեց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մի շարք ախտանիշներ կարող են ցույց տալ, որ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի: Ավելին, երբեմն ինքը պացիենտը չի հասկանում, որ օգնության կարիք ունի, սակայն դա կարող են նկատել իրեն շրջապատող մարդիկ:

Եթե դուք նկատում եք, որ պատերազմի հետ առնչված մարդը ունի ուշադրության հետ կապված խնդիրներ, տրամադրության փոփոխություններ, չափից ավելի ուրախ տրամադրություն, որը կարող է հանկարծակի բացասական դառնալ, կամ եթե նկատում եք, որ այդ մարդու մոտ առկա է տագնապայինություն, գերզգոնություն, եթե նա շատ կտրուկ է վերաբերվում որոշ հարցերին, անսպասելի ռեակցիաներ է ունենում, եթե նկատում եք անքնություն, ապրումներ, որոնք թույլ չեն տալիս ապրել իրականության կյանքով, այդ ամենը նշանակում է, որ նա օգնության կարիք ունի:

 

 

Մասնագետի խոսքով, պետք չէ վախենալ հոգեբանին դիմելուց. հոգեբանական ծառայությունը չի վնասելու տուժածին, ընդհակառակը, օգնելու է ավելի արագ վերականգնվել:

Նույն շարքից