Տնտեսություն 

Ռուսական ընկերությունները ևս կմասնակցեն «Հյուսիս-Հարավի» մրցույթներին․ ենթադրել է Գնել Սանոսյանը

analitik.am

«Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված առաջիկայում բավական մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն»: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ենթադրելով, որ ռուս գործընկերները ևս նման ցանկություն կունենան։

«Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, և հաղթող ընկերությունները հայտնի դառնան, որից հետո շինարարական պրոցեսը կսկսվի»,-ասել է նախարարը:

Գորիս-Կապանի այլընտրանքային՝ Աղվանի-Տաթև-Կապան ճանապարհի շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջ։ Ըստ Սանոսյանի՝ շինարարության հարցում Իրանի շահագրգռությունը կա։

«Իրանցի գործընկերների հետ քննարկումներ ունենք նաև այդ ուղղությամբ: Վերջերս Հայաստանում էր իրանցի փոխնախարարը, որի հետ ես էլ եմ հանդիպում ունեցել: Իրենք հետաքրքրված են «Հյուսիս-Հարավի» կառուցման աշխատանքներով: Առաջիկայում որոշակի այց ենք նախատեսում»,-ասել է նախարարը, ապա հավելել, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է, 24-ժամյա ռեժիմով է աշխատում։

«Կավարտենք նոյեմբերին: Նախատեսված է 3 շերտ ասֆալտ անել, բայց որոշ հատվածներում այս տարի կբավարարվենք 2 շերտ ասֆալտ տեղադրելով՝ հասկանալով, որ որոշակի ժամանակ է պետք: Եթե հետո թերություններ ի հայտ գան, մենք 3-րդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ շերտը կտեղադրենք»,-ասել է նախարարը:

Նույն շարքից