Լրահոս Հասարակություն Քաղաքականություն 

Սաակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել

analitik.am

Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար:

Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Նույն շարքից