Քաղաքականություն 

«Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար նախ պետք է ունենալ մի իշխանություն, որը չի հանդուրժում «արծրունհովհաննիսյան» ճշմարտությունը. Արամ Վարդևանյան

analitik.am

ՀՀ-ում բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով։ Այս մասին ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Վստահ եմ, որ վերջին երեք տարում ԶԼՄ ներկայացուցիչները տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել ԶԼՄ-ների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, վստահ եմ՝ գիտեն, թե ինչ աստիճան անհանդուրժող են քննադատությանը այս իշխանությունները և այդ ամենի ամբողջությունը արատահայտվել է այս օրենքի նախագծով»,- ասաց նա:

Վարդևանյանը նշեց, որ այս օրենքի նախագծով իշխանությունները փորձում են պայքարել «ֆեյքերի» դեմ, բայց ոչ թե հենց ֆեյքերի, այլ ԶԼՄ-ների դեմ պայքարելով։

«Իրենք ոչ թե ասում են, որ անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ անանուն դոմեյնին հղում տալը։ Եթե ասում ենք, որ անանուն դոմեյնի խնդիր կա, ուրեմն այդ դոմեյնն է խնդիրը, ոչ թե այն ԶԼՄ-ն, որը հղում է անում դրան։ ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ունենա ազատություն, ցանկալի է դա, թե ոչ։ Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որը երաշխավորում է այդ գործունեության ազատությունը։ Իրենք պահանջում են ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու դեպքում 500.000-ից մինչև 700.000 տուգանք։ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում խոսում ենք ԶԼՄ-ներին 500.000-700.000 դրամի չափով տուգանելու մասին։

Այս առաջարկությունը ունի մեկ տրամաբանական խեղում. եթե ԶԼՄ-ն հղում տվել է անանուն դոմեյնին, ապա ինչպես պետք է պարզի՝ այդ դոմեյնը անանուն է, թե ոչ, այդ պարտականությունը կատարելու համար պետք է խաղի կանոննեը ֆիքսվեն»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը շեշտեց, որ այս իշխանությունները ընդգծված դրական վերաբերմունք ունեն «ֆեյքային» գործունեության նկատմամբ. «Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար նախ պետք է ունենալ մի իշխանություն, որը չի հանդուրժում «արծրունհովհաննիսյան» ճշմարտությունը, բայց կարծես իրենք են այդ ամենը գեներացնողները»։

Պատգամավորի խոսքով՝ այսպիսի կարգավորումները Սահմանադրության համաչափության, որոշակիության և խոսքի ազատության վերաբերյալ սկզբունքի առումով հսկայական կոնֆլիկտի մեջ են գտնվում։

Նույն շարքից