Լրահոս 

ՇՄԱԳ ինստիտուտում նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը

analitik.am
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։
ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է: ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց է նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։
ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով, որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք են բերվել նոր տեխնիկա և գույք։
Նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։ Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կլինեն ժամանակավոր հաստիքներ։
Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը միջազգային իրավական չափորոշիչներին։
Նոր օրենքով հստակեցվում և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝ ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։
Նախարարն իր հանդիպումների ընթացքում բազմիցս է նշել, որ ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր լավ աշխատանքով պետք է փարատել այդ մտահոգությունները։ Նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։
2021 թվականի հունվար ամսից մինչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։
Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։ Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։
«Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությունների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»,- նշել է նախարարը։
Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանը գործընկերներին հիշեցրել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին․ ՊՈԱԿ-ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։

Նույն շարքից