Լրահոս Մշակույթ 

Վերդիի «Աիդա» օպերան կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

analitik.am

Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրաված է թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քան 350 աշխատակից:

Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:

Մաեստրո Կարեն Դուրգարյանի՝ հանդիսատեսին ուղղված խոսքում կարդում ենք. «Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»:

Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին՝ Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։

Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի Աիդայի սիրո մասին է։ 1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի ունեցավ ներկայացման առաջնախաղը, ներկա էին հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին էր բացակայում այս կարևոր իրադարձությանը: Կոմպոզիտորը 46 օր անց ներկա գտնվեց «Աիդայի» պրեմիերային հարազատ Միլանում: «Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի /Իտալիա/
Բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան
Զգեստների նկարիչ՝ Սուսաննա Ալավերդյան

Նույն շարքից