Գիտություն Լրահոս 

Ալեքսանդր Սերգեևը՝ ԳԱԱ պատվավոր անդամ

analitik.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ընտրել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ՝ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա: Այս մասին հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Ալեքսանդր Սերգեևը ՌԳԱ նախագահ է 2017 թ-ից: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյան օպտիկայի, ոչ գծային ալիքային երևույթների տեսության, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառները:

Ակադեմիկոս Սերգեևի ղեկավարած գիտական խմբի մշակած պատկերապատման մեթոդները հնարավորություն են ընձեռում ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Խմբի աշխատանքներն ուղղված են կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի գործիքների ստեղծմանն ու օգտագործմանը և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օպտիկական համահունչ տոմոգրաֆիան, օպտիկական դիֆուզիոն տոմոգրաֆիան, դիֆուզիոն լյումինեսցենտային տոմոգրաֆիան, ուլտրամիկրոսկոպիան:

Ալեքսանդր Սերգեևի բեղմնավոր գիտական գործունեության մասին են վկայում նրա 350 գիտական հոդվածներն ու աշխատությունները՝ զուգակցված մանկավարժական արգասաբեր աշխատանքի հետ:

Գիտության մեջ ծանրակշիռ ներդրումների համար վաստակաշատ գիտնականն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1999թ.), կառավարության մրցանակի (2012թ.), պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006թ.):

Ալեքսանդր Սերգեևը ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների համատեղ գիտահետազոտական գործունեության ջատագովներից է: Համաձայն գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզի նախագծի՝ երկու երկրների ակադեմիաների կողմից իրականացվելու են լայնամաշտաբ ծրագրեր՝ լեռնային լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռահար մեթոդի մշակում, երկրաֆիզիկական և սեյսմագեոդինամիկ գործընթացների ուսումնասիրություն, սինթեզված նոր նյութերի վրա հիմնված ակուստաէլեկտրոնային սարքերի մշակում և ստեղծում, COVID-19 ախտորոշիչ փաթեթների մշակում, երիտասարդ գիտնականների առաջխաղացման հարցերի քննարկում և այլն:

 

Նույն շարքից