ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդ տարի 400 մլն դրամ կտրամադրի Հայաստանի մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար, մասնավորապես, նախատեսվում է մարմնամարզական գործիքների ամբողջական հավաքածու ձեռք բերել: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը.
«Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ կարողացանք արժանանալ Կառավարության բարեհաճ վերաբերմունքին և մեզ 500 մլն դրամ է տրամադրվել գույքային ծրագրի համար: Այս ընթացքում հասցրել եմ այցելել Հայաստանի մարզադպրոցների 80%-ը: Դրանց մեծ մասը շատ վատ, ծանր վիճակում են: Իհարկե, կան նաև շատ լավ, բարեկարգ դպրոցներ, բայց մեծամասամբ կա շենքային նորոգման և գույքի շատ լուրջ խնդիր:
Արդեն պայմանավորվել ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալ, կրթության ոլորտը համակարգող Ժաննա Անդրեասյանի հետ և այդ 500 մլն-ից 100 մլն-ն կտրամադրենք հանրակրթական դպրոցների համար գույքի ձեռքբերմանը, իսկ մնացած 400 մլն դրամով գույք ձեռք կբերենք մարզադպրոցների համար: Իմ խորին համոզմամբ, շատ կարևոր կլինի մարմնամարզական գործիքների ամբողջական հավաքածուի ձեռքբերումը: Ինչպես գիտեք, 41-ամյա ընդմիջումից հետո մենք վերջապես այս մարզաձևում մեդալ ունեցանք Օլիմպիական խաղերում: Սա այն մարզաձևն է, որում օլիմպիական 3 չեմպիոն ենք ունեցել՝ Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Էդուարդ Ազարյան: Աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ ենք ունեցել, բայց 41 տարի չունեինք օլիմպիական մեդալ:
Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի գույքը տեսնելով՝ հասկանում ես, թե ինչ հերոսություն է արել Արթուր Դավթյանը՝ իր մարզիչների հետ միասին: Թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես հնացած ու մաշված գործիքներով մարզվելով՝ կարողացել է օլիմպիական մեդալակիր դառնալ: