Առողջապահություն Կորոնավիրուս Միջազգային 

Տարեցների և քրոնիկ հիվանդների համար տնային ռեժիմ է սկսել գործել Մոսկվայում

analitik.am

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում սկսել է տնային ռեժիմ գործել տարեց և քրոնիկ հիվանդ բնակիչների համար. այն հայտարարվել է «Քովիդ-19»-ի հետ կապված իրադրության բարդացման պատճառով, հաղորդել է «Արմենպրես»-ը:

Տնային ռեժիմ սահմանելու վերաբերյալ հրամանագիրը Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն ստորագրել է հոկտեմբերի 19-ին: Փաստաթղթի համաձայն, չորս ամիս, 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը, հրահանգվել է 60-ից բարձր տարիքի մարդկանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին չհեռանալ բնակության վայրերից: Աշխատողները կկարողանան հիվանդության թերթիկ ձևակերպել:

Դրա հետ մեկտեղ թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայի պարապմունքները բնակչության այս կատեգորիայի համար չեն սահմանափակվում: Բացի այդ, հիշյալ քաղաքացիները կկարողանան բուժօգնության դիմել, այցելել խանութներ և զբոսնել ընտանի կենդանիների հետ:

Այդ սահմանափակումը չի տարածվում այն մոսկվացիների վրա, որոնք վերջին վեց ամիսներին հիվանդացել են «Քովիդ-19»-ով, ինչպես նաև նրանց վրա, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ կուրսը: Մոսկվայում «Քովիդ-19»-ի հետ կապված իրադրությունը բարդացել է աշնանը:

Հոկտեմբերի երկրորդ կեսին հիվանդացությունը հասել Է համավարակի ողջ ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշին: Դրա հետ կապված քաղաքային իշխանությունները մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից