Իրավական Քաղաքականություն 

Արմեն Գեւորգյան․ դատավոր Աննա Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական

analitik.am

Դատավոր Աննա Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական։ Այս մասին հոկտեմբերի 26-ի նիստում դատավորի ինքնաբացարկի մասին փաստաբանի միջնորդության քննարկման ժամանակ ասաց նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

«Մասնակցելով գործընթացին՝ ես միշտ մտածել եմ պետության հեղինակության մասին։ Այն մասին, որ իմ գործողությունները պետք է օգնեն, որպեսզի դատական իշխանության հեղինակությունը մնա բարձրունքում, որպեսզի հասարակությունը պատկերացում ունենա նրա անկախության մասին։ Ես երբեք թույլ չեմ տվել, որ ինձ պիտակավորեն, միշտ մտածել եմ, որ ամեն մեկն իր գործն է անում։ Ես ունեմ իմ կարծիքը՝ ով ինչպես է դա արել եւ նպաստել հեղինակությանը։ Ցավոք, ամեն ինչ հակառակն է արվում։ Այժմ ցանկանում եմ նշել, որ ես պետք է մասնակցեմ սահմանին իրավիճակի հարցով փակ նիստին։ Ես հարցեր ունեի։ Դրա փոխարեն ես այստեղ եմ, քանի որ դատարանը չի հարգում ներկայացուցչական մարմնի աշխատանքի կարեւորությունն ու նշանակությունը։ Բացի այդ, մեզ մշտապես հիշեցնում են ՔՕ-ի եւ ՔԴՕ-ի մասին։ Սակայն դրանով չեն սպառվում օրենքները։ Կա նաեւ դատական օրենսգիրք, որի հոդվածներից մեկը վերաբերում է դատավորների պահվածքին։ Դատավորը չպետք է հիմքեր ստեղծի բացարկի համար»,-հիշեցրեց Գեւորգյանը։

Նա կոնկրետ օրինակ բերեց։ 2020 թվականի օգոստոսին դատը հետաձգվեց, եւ փաստացի հրաժարվեցին հանել Գեւորգյանի հաշիվների կալանքը, նույն տարվա սեպտեմբերին թույլատրեցին 5 մլն դրամ փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, 2021 թվականի մայիսին կրկին մերժեցին գումարի փոխանցումը քաղաքական դաշինքի հաշվին, 2021 թվականի սեպտեմբերին եւս հրաժարվեցին հանել կալանքն ու թույլ չտվեցին ԱԺ վերադարձնել գումարը, որը նախատեսված էր Ստրասբուրգ այցի համար (այցը չէր կայացել դատարանի արգելքի պատճառով-խմբ․)։ «Դատավոր Աննա Դանիբեկյանը վնաս է հասցնում պետության շահերին, այդ թվում՝ նյութական։ 507 հազար արդեն անվերադարձ։ Դա անհերքելի փաստարկ է»,-նշեց Գեւորգյանը։

Նույն շարքից