Քաղաքականություն 

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հայտարարությունն օտարերկրյա որոշ գործիչների հակահայ հայտարարությունների վերաբերյալ

analitik.am

Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքն ազդել է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական վարքի, այլ նաև օտարերկրյա որոշ շրջանակների վրա, որոնք, խեղաթյուրելով ու նենգափոխելով արցախյան հիմնախնդրի էությունը, հանդես են գալիս միակողմանի հայտարարություններով։ Այդ հայտարարությունները գրեթե բացարձակ նմայնությամբ կրկնում են ադրբեջանական պետական դիրքորոշումները։

Ցավալի է, որ պատերազմական հանցագործություններով հայտնի և ինքնորոշվող ժողովրդի նկատմամբ ագրեսիա իրականացրած կողմի պաշտպանությանն են լծվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններում կարևոր հանգամանքներ զբաղեցնող կամ զբաղեցրած պետական ու կրոնական գործիչներ։ Մասնավորապես՝ խստորեն դատապարտում ենք Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի և Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խնդրահարույց հայտարարությունները։ Վերջինս տևական ժամանակահատված է, որ իր առօրյա գործունեությամբ ու անձնական հետաքրքրություններով գտնվում է ադրբեջանական և թուրքական շրջանակների տրամադրության տակ։ Հետևաբար, Բրայզայի հակահայ հայտարարություններն այդքան զարմանահարույց չէին, որքան Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի հայտարարությունը՝ Արցախի փոքր հատվածի՝ հայկական վերահսկողության տակ գտնվելու ժամանակավոր բնույթի մասին։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունները չափվում են հարյուրամյակներով, ու թեև ժամանակ առ ժամանակ գրանցված անախորժ միջադեպերին, ի պատիվ մեր հոգևոր հայրերի, հնարավոր է եղել փոխադարձ հարգանքի և արժևորման միջավայրում շտկել խնդիրները։ Հայ ժողովուրդն իրավունք ունի քույր եկեղեցու հայրերից ակնկալելու նվազագույնը անկողմնակալ դիրքորոշում։ Լիահույս ենք, որ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, միջազգային սաստկացող ճնշումների և վերահաս պատժի անխուսափելիության հեռանկարի ֆոնին, ձեռնամուխ է եղել իր արարքների միջազգային լեգիտիմության պատրանքի ձևավորմանը` այդ գործում փորձելով ներառել հնարավորինս հնչեղ անուններ։

Միջազգային ամենատարբեր գործընկերներից և հոգևոր կառույցների պետերից ակնկալում ենք իրենց իրավասությունների սահմաններում կանխել կարևոր հանգամանքներ զբաղեցնող անձանց ներգրավումն ադրբեջանական քարոզչամեքենայում։

Արտաքին գործընկերները մեր ժողովրդի հանդեպ իրենց քաղաքականությունը չպետք է պայմանավորեն` ելնելով մեր երկրի անցողիկ դժվարությամբ կամ Հայաստանի իշխանությունների կեցվածքով։ Մեր ժողովուրդն իր պատմությամբ քանիցս ապացուցել է ծանրագույն դժվարությունները հաղթահարելու՝ իր ունակությունը։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ամբողջ աշխարհում շարունակում են ուշի ուշով հետևել հընթացս զարգուցումներին, պետական կառույցների և անհատ գործիչների հայտարություններին։

Նույն շարքից